Յունկերը Թուրքիայում մահապատժի վերականգնումը ԵՄ հետ հարաբերությունների վերջն է համարում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման պարագայում այդ երկրի մուտքը Եվրամիություն անհնարին կդառնա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Յունկերը խոսել է գերմանական Rheinische Post պարբերականի հետ զրույցում:

Նա ընդգծել է, որ Թուրքիա-ԵՄ բանակցություններն արդեն այս պահին «դե ֆակտո» սառեցված վիճակում են՝ հավելելով, որ հարաբերությունները խզելու մասին վերջնական որոշումը կայացնելու է ոչ թե Եվրահանձնաժողովը, այլ ԵՄ անդամ երկրները:

«Անդամակցության գործընթացի հիմնական սկզբունքները պարզ են և ամրագրված են ԵՄ համաձայնագրերում: Թուրքիան՝ որպես Եվրահանձնաժողովի անդամ և ԵՄ թեկնածու երկիր, պարտավոր է ենթարկվել մեր հիմնական արժեքները համարվող մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ազատություններին: Այս հարցում անգամ մեկնաբանության կարիք չկա: Մայիսի վերջին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հնարավորություն կլինի այդ հարցերն ուղղել անմիջապես նախագահ Էրդողանին: Կտեսնենք, թե ինչպիսի ապագա է տեսնում Թուրքիայի համար՝ Եվրոպայի հետ, թե առանց նրա»,- ասել է Յունկերը:

Անդրադառնալով մահապատժի վերականգնման հնարավորությանը՝ նա ընդգծել է, որ դա «կարմիր գծերից ամենակարմիրն է»: «Եթե մահապատժի վերականգնումը խոսքից այն կողմ անցնի, ապա դա ամենաբացահայտ կերպով կդառնա եվրոպական ընտանիք Թուրքիայի անդամակցության վերջը: Այն պատճառ կդառնա հարաբերությունների խզմանը, քանի որ մեր ճանաչած ժողովրդավարությունը նախատեսում է հարգել մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը»,– հայտարարել է Յունկերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում