Մայիսյան եռատոնը պատգամ է շարունակել հայրենիքի նվիրյալների կիսատ թողած գործը. Բակո Սահակյան

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն, որտեղ Նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել ելույթով:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության եւ խիզախության համար պաշտպանության բանակի եւ ԱԱԾ մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների եւ կամավորների հանձնվել են պետական բարձր պարգեւներ:

Տարբեր ոլորտներում ակնառու հաջողություններ գրանցած եւ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել են նաեւ մի խումբ երախտավորներ:

Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մայիսյան Եռատոնը համայն հայության, հայոց անկախ պետականության ամենանվիրական տոներից է, տոն, որը լի է մեծագույն հպարտության ու արժանապատվության զգացումով, տոն, որը խորհրդանշում է մեր ժողովրդի տոկունությունն ու անկոտրում կամքը, հայրենասիրությունն ու անձնվիրությունը, անսպառ լավատեսությունն ու անսասան հավատքը:

«Մայիսյան եռատոնը յուրահատուկ պատգամ է մեր ողջ ժողովրդին, մեզ բոլորիս՝ հիշել հայրենիքի նվիրյալներին, շարունակել նրանց կիսատ թողած գործը, անել հնարավորը մեր անկախ պետականության հետեւողական ամրապնդման, զարգացման ու զորացման համար: Դա անվերապահորեն պահանջում է համակարգված, միասնական եւ քրտնաջան աշխատանք, հայրենիքին ծառայելու անմնացորդ նվիրում»,- ընդգծել է Արցախի Հանրապետության Նախագահը:

Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում