Անվեհեր երիտասարդների նոր սերունդ ունենք. Բակո Սահակյանի մայիսի 9-ի ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,

Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,

Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ, փառավոր հաղթանակներ, որոնք մեր ժողովուրդը կերտել է պատմության տարբեր քառուղիներում իր քաջ զավակների ցուցաբերած արիության, խիզախության, հայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո շնորհիվ:

Մեր լեգենդար հայրերի ու պապերի սխրանքը Հայրենական մեծ պատերազմում, նրանց ապրած կյանքը միշտ հպարտություն են պարգեւել մեզ եւ ուղենիշ հանդիսացել մեզ համար` առաջնորդելով դեպի նոր հաղթանակներ: Մենք ազատագրել ենք Շուշին` աչքի առաջ ունենալով հենց նրանց հերոսական օրինակը, որն անսասան հավատ է ներշնչել մեզ սեփական ուժերի եւ արդարության հաղթանակի հանդեպ, սովորեցրել լինել տոկուն ու հաստատակամ, մաքառող ու նպատակասլաց:

Արցախյան ազատամարտը դարձավ հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներից մեկը` լրացնելով մեր հերոսամարտերի շարքը:

Այսօր մենք հպարտ ենք կրկնակի, հպարտ ենք, որովհետեւ ունենք նաեւ արժանի հերթափոխ, անվեհեր երիտասարդների մի սերունդ, ում համար հայրենիքի սահմանների պաշտպանությունը եւ հարազատ ժողովրդի անվտանգությունը վեր են ամեն ինչից: Նրանք մեծագույն արժանապատվության զգացումով են շարունակում իրենց նախնիների գործը` պատմության մեջ թողնելով անձնվիրության նոր օրինակներ:

Փա՜ռք ու պատիվ մեր բոլոր հերոսներին:

Փա՜ռք ու պատիվ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր նահատակներին:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Այս տոնական օրը ես շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին` Մայր Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Մենք բոլորս միասին ենք կերտել մեր նվիրական Եռատոնը, միասին ենք հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները, միասին ենք հարթել մեր հաղթական ուղին: Այդպես եղել է եւ այդպես կլինի ընդմիշտ:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում