Արամ Ա. Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահ էմանուել Մակրոնին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն կաթողիկոսության և ենթակա թեմերի անունից շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին։

«Մեր երկու ժողովուրդների ունեցած պատմական եւ բարեկամական կապերը մեզ մղում են մաղթելու, որ Ձեր նախագահության շրջանում Ֆրանսիան կարողանա վերագտնել իր ներքին միասնականությունը եւ ծաղկի: Արդարեւ, Ֆրանսիան կարեւոր դեր ունի միջազգային հարթակում։ Վստահ ենք, որ Ֆրանսիան միշտ պիտի մնա արդարության եւ մարդու իրավունքների ջատագով Կովկասի, Միջին Արեւելքի եւ աշխարհի բոլոր կողմերում՝ ի պաշտպանություն ժողովուրդների իրավունքների եւ մարդկային արժեքների։ Սպասում ենք, որ Հայ դատի նկատմամբ նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի զորակցությունն ու կեցվածքը Դուք շարունակեք։ Մեր մաղթանքն է, որ Դուք նաեւ շարունակեք եւ ավելի հզորացնեք Ֆրանսիայի դերը ԵԱՀԿ Մինսկի խմբում Արցախի անկախության եւ Հարավային Կովկասում վերջնական խաղաղության հաստատման»,- ընդգծել է Կաթողիկոսը:

Ուղերձում Արամ Ա. Կաթողիկոսը բարձրացնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը՝ հույս հայտնելով, որ նորընտիր նախագահը կաջակցի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմանն ուղղված աշխատանքներին։

«Վերջապես, սպասելի է, որ Ֆրանսիան ավելի ազդեցիկ դեր կունենա Սիրիայում՝ վերջ դնելու ներքին կռիվները, որոնց հետեւանքը երեւում է ժողովրդի վրա՝ ներառյալ հայ համայնքի։ Սիրելի Պրն. Նախագահ, վստահ եղեք, որ մենք հիշյալ աշխատանքներում կաջակցենք Ձեզ, ինչպես նաեւ մեր Սուրբ Աթոռը ու իր համայնքները։ Ձեզ մաղթում ենք լիակատար հաջողություն Ձեր առաքելության մեջ»,-ասված է ուղերձում։

«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հաղթանակ է տարել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 66,06 տոկոսը: Մակրոնի օգտին քվեարկել է 20,7 մլն ընտրող: Նրա մրցակիցը՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, ստացել է ձայների 33,94 տոկոսը: Ընդամենը նրա օգտին իրենց ձայները տվել են ավելի քան 10,6 մլն ընտրողներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում