AM | RU
USD
EUR
RUB

Արցախյան ազատամարտ. Պատմում է Գագիկ Ավշառյանը

 
 

Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։

Եվ այսպես, պատմում է Գագիկ Ավշառյանը:

Շուշիի ռազմագործողությանը գնում էինք ինչպես հարսանիքի: Մենք համոզված էինք, որ Շուշիի ազատագրմամբ վերջանալու էր էս ամեն ինչը: Սովորական, քաղաքի տղաներ էինք, շատերին էլ, որ Բաքվից կամ Սումգայիթից էին եկել, չէինք էլ ճանաչում: Ոչ մեկս զինվորական չէր, ուսադիր կրող չկար, բայց մեր ինքնակազմակերպվածությանը աշխարհի լավագույն բանակները կարող էին նախանձել:

Պարապմունքներ էինք անցկացնում: Գնում էինք Նորագյուղի բարձունքը գրավելու փորձ անում, կրակում, որպեսզի և միասին գործել սովորենք, և արկի պայթյունին, տանկի դղդրդոցին ընտելանանք, որպեսզի ֆիզիկական վիճակներս լավ պահենք: Մեր զորամասում, որը Խոջալույում էր տեղակայված, մի տեսամագնիտոֆոն կար: Ապրիլ ամսից մինչև մայիս «Մուսա լեռան քառասուն օրը» ֆիլմը, հանգստի ժամերին, որ սուտ չլինի, մի տաս անգամ նայել ենք: Հիմա, երբ արդեն մասնագիտական տերմիններով մեկնաբանենք, պիտի ասենք, որ մեր բարոյահոգեբանական վիճակն ենք բերել հասցրել գագաթնակետին, որ ֆիզկական վիճակներս ենք կարգի բերել և այսպես շարունակ: Բայց այն ժամանակ այդ ամենն արել ենք ինքնաբերաբար, առանց որևէ խորհրդի կամ ցուցումի:

Շուշիի ռազմագործողությունից առաջ մի խոզ մորթեցինք: Բոլորս, ում անունը կար ցուցակում, հավաքվեցինք ու մի լավ քեֆ արեցինք: Մայիսի 7-ի երեկոյան էր: Արդեն գիշերվա ժամը 2-ին շարժվեցինք դեպի Շուշի: Ես իմ տանկով ճանապարհով էի բարձրանում, Մխոն` Մխիթարը, զույգ եղբայրս, Դաշուշենից էր գալիս: Մինչև մենք կբարձրանայինք, Մխոն ձախից` Դաշուշենից, ոչնչացրեց մեզ վրա աշխատող չորս թե հինգ հրանոթները: Հետևակը, որ չորրորդ վաշտի երկրորդ դասակն էր՝ Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ, գնում էր, հետևից` տեխնիկան: Ասֆալտով բարձրացանք այնքան, մինչև որ դեմ առանք ճանապարհը փակած քարակույտերի: Առջևում երեք հեռուստաաշտարակներն էին, պիտի դրանց տակ հավաքվեինք: Չկարողացանք քարակույտն անցնել, կանգ առանք: Մեր տանկն էր ու երկու ՀՄՄ: Այդ ժամանակ ճանապարի շրջադարձերից թշնամու մի տանկ դուրս եկավ: Կրակեցինք ու, թեկուզ մեր արկերը հակատանկային չէին, տանկը վնասվեց և հռնդալով հեռացավ: Հետագա մարտի ընթացքում այդ տանկին այլևս չանդիպեցինք: Այդ ընթացքում մի հատ էլ ԲՏՌ եկավ: Կրակեցինք` վարդի նման բացվեց-վառվեց: Միջի մարդիկ օդը թռան` պատառ-պատառ լինելով: Նույն պահին մի ՀՀՄ էլ մեր ջոկատի Միշիկը նռնականետով ոչնչացրեց: Իրավիճակը մենք էինք վերահսկում ու մեր տրամադրությունն ու ոգին սահմաններ չէին ճանաչում: Մարտը թեժ էր, բայց ամեն ինչ ավելի քան հաջող էր գնում: Մեր տեխնիկան չէր կարողանում առաջ գնալ: Առջևը փակ էր քարերով, աջից ձորն էր, ձախից` սարը: Մեզնից 100-150մ ներքև սալաքարեր կային: Թեկուզ ասում են, որ տանկը 30 աստիճանից բարձր չի բարձրանում, բայց այնտեղով, որտեղով մենք բարձրացանք, հաստատ մի 40 աստիճան կար: Եկանք հասանք երեք աշտարակների մոտ, ճիշտ մեր խփած ԲՏՌ-ի մոտ: Արդեն հետևակն էլ էր հասել այդտեղ: Դա մեր ուժերի հանդիպման պայմանական վայրն էր: Այդ տեղանքում նույնպես մարտեր եղան: Մեր վաշտի հարամանատար Գագիկ Սարգսյանը վիրավորվել էր, նրան հանեցին ու հրամանատարությունն իր վրա վեցրեց Սամվել Կարապետյանը:

Ու այդտեղից սկսեցինք առաջ գնալ: Հետևակի հետ շղթա կազմած դեպի բերդաքաղաքն էինք բարձրանում: Այդտեղ մեր դեմ մի ՀՄՄ ելավ: Մենք իրեն էինք կրակում, ինքը` մեզ: Դե, մայիս էր, ծառերը քիչ-քիչ կանաչել, տեսադաշտը փակել էին: Հետո էլի մի տանկ եկավ: Մենք չէինք էլ նկատել: Մեր հետևից եկող ՀՄՄ-ի անձնակազմը` Մարտիկ ՀԱյրապետյանն էր նկատել, մեզ ասել: Բայց այդ ժամանակ լուր եղավ, թե մեր տանկը մտել է Շուշի ու, ամենայն հավանականությամբ, դա հենց մեր տանկն է, որ կա: Չէ որ Սամվել Բաբայանի խումբը գնացել էր` Շուշիի հետևի կողմից բերդաքաղաքը մտնելու: 

Մի հատ ԲՌԴՄ էլ հայտնվեց, խփեցինք` մնաց ձորից կախված: Այնուհետև Շտապ օգնության մեքենա ու մեկ այլ ՀՄՄ էլ նույն ճակատագրին արժանացան: Բայց տանկին ոչ կրակում էինք, ոչ էլ զգուշանում նրանից: Կարծում էինք՝ մերոնք են: Մարտը վերջացած, վճռված էր թվում: Արդեն տեղանքն էինք մաքրում:

Կողքից արդեն նկատել էին, որ այդ տանկը թշնամու տանկն է, մեզ սկսեցին զգուշացնել այդ մասին: Հրամանատարական խցիկից նայեցի ու տեսա տանկը մի 300մ վրա կանգնած: Ճիշտ է, կարծում էինք մերն է, բայց թնդանոթը դեպի մեզ էր արել: Ուշադիր նայեցի ու տեսա, որ B սերիայի տանկ է, իսկ մեր զինանոցում տանկերը միայն A սերիայի էին: Շահենին ասացի` կրակիր, Շահեն, մերը չի: Շահենը կրակեց: Նույն վայրկյանին թուրքի տանկն էլ կրակեց: Մենք նրա աջ կողքին կպանք, պայթյուն եղավ, բայց, դե, բեկորային արկ էր, ինչ պիտի աներ: Իրենց կրակոցը մեր տանկի մեխանիկի տեսասարքին կպավ: Աշոտն ասաց` տեսադաշտս մթնեց, բան չեմ տեսնում: Երկրորդ կրակոցն արդեն թեպետ ծխի ամպի մեջ էր եղել, բայց կպավ Շահենի նշանոցին: Արդեն Շահենի տեսադաշտն էլ էր փակ: Շահենին ասացի` դուրս արի, ես ու Աշոտը տեսնենք ինչ ենք անում: Աշոտն էլ թե` տանկը քշում եմ նրանց վրա, ձորը գցեմ: Առջևում ընդամենը 300մ էր: Որոշեցի, որ բոլորս էլ պիտի դուրս գանք, որովհետև երրորդ կրակոցից հետո արդեն ոչ մեկս ողջ չի մնալու: Էլ չեմ ասում, որ մեր տանկն արդեն վառվում էր, մենք էլ ծխի մեջ կորել էինք: Իրար դեմ դիմաց էինք, ես աջ կողմում էի, Շահենը` ձախ, Աշոտն էլ՝ ներքևում: Ես շրջվեցի, որ խցիկից դուրս նայեմ, տեղանքում կողմնորոշվեմ, ուղղություն տամ, տանկը հետ քշենք, շրջադարձն անցնենք ու կանգնենք: Ճիշտ է, էդ տանկից բացի մեզ վրա գնդացիր էլ էր աշխատում, բայց, դե, ուրիշ ելք չկար: Այդ վայրկյանին թնդաց երրորդ կրակոցը: Կրակոցի ալիքն ինձ օդ բարձրացրեց ու ես ընկա` անգիտակից, վիրավոր ու այրված: Երբ աչքերս բացեցի` տեսա Աշոտին, որ դուրս էր գալիս տանկից: Մենք չգիտեինք, որ Շահենը մնացել է տանկի ներսում: Չէ որ ես դուրս գալու հրաման էի տվել: Հետո հասկացանք, որ երրորդ կրակոցը Շահենին տեղնուտեղը խոցել էր: Տանկից արդեն կրակ էր բարձրանում:

Աշոտին տեսնելով` փորձեցի վեր կենալ, ընդառաջ գնալ նրան: Բայց այդ պահին գնդացիրը սկսեց աշխատել: Աշոտն ընկավ գնդացրի կրակից: Մարտիկը վզիցս բռնեց, գցեց գետնին: Էս տանկը մի երկու արկ էլ կրակեց, թողեց-գնաց: Այդ ընթացքում մեր տանկի աշտարակն արդեն մի կողմ էր ընկել: Աշոտը մնացել էր մեր տանկի հետևում, մի 30մ վրա: Տղաներն ինչքան ուզում էին մոտենալ հանել, էն տանկից չէին թողնում: Հետո արդեն ուղաթիռը եկավ: Այդտեղ նորից Աշոտին գնդակ դիպավ: Ուղաթիռից թաքնվելու հնար էլ չունեի, ոչ քայլել էի կարող, ոչ էլ սողալ: Կողքս մի ստվարաթուղթ կար, պառկած տեղս քաշեցի դեմքիս, մնացի:

Կեսօրն անցել էր, ժամը 1:30: Մարտը դադարեց: Այս ու այնտեղ դեռևս կրակոցներ էին հնչում, բայց դա արդեն մարտ չէր: Իջանք քաղաք:

Հաջորդ օրը եկա, որ բարձրանամ Շուշի, չկարողացա: Տանկի կողքից չկարողացա քայլ անել: Այդպես մի շաբաթ շարունակ, գալիս էի, մնում տանկիս մոտ շվար-կանգնած:
Մեր տղաները Աշոտի հուղարկավորությանն էին մասնակցում, Ստեփանակերտում էր, իսկ ես գնացի Շահենի թաղմանը` Խաչմաչ գյուղ:

Եկեք չփորձեմ նկարագրել իմ ապրումները, միևնույն է, չեմ կարողանա: Աշխարհի ոչ մի լեզվում չկան համապատասխան բառեր: Միայն գիտեմ, որ փակվել էի տանը, ոչ մեկին չէի ուզում տեսնել: Նույնիսկ Շուշիի ազատագրման բերկրանքը չկարողացա վայելել: Մինչև հիմա ականջիս հնչում է Ուրալի ձայնը, որ տագնապով բոլորիս մարտի էր կոչում: Առանց իմ տղաների ահավոր դժվար էր նորից մտնել պատերազմի հորձանուտ: Բայց, դե, ինչ պիտի անեի, ինչ կարող էի…

Նորից պատերազմ մտա, նոր անձնակազմով ու նոր տանկով: Երբ հետ եմ նայում, աչքերիս առջև հառնում է զինվորականի մի ողջ կյանք` լի հաղթանակներով ու դառնություններով: Անսփոփ կարոտ ու չսպիացող վերք կա իմ անցյալում։ Բայց, գիտեք, զարմանալին այն է, որ այնտեղ նաև ուրախության պատառիկներ կան: Կան անմոռանալի, երջանիկ պահեր, որոնք ապրեցնում են մեզ: Երբ նստում ենք սեղանի շուրջն ու հիշում պատերազմը, կողմնակի մեկը կարող է մեզ խելագարի տեղ դնել, ասել, թե մենք ինչպես ենք կարողանում ծիծաղով հիշել պատերազմը: Բայց, դե, ինչ անենք, լացե՞նք:

Օտարը չի հասկանա մեզ: Մեր ժողովուրդն ուրիշ է: Հիմա, երբ աշխարհի որևէ կետում մի փոքր պատերազմ է լինում, մեկ էլ տեսար` մարդիկ հավաքված գնում են: Թե ու՞ր են գնում, ինչի՞ են գնում, չես հասկանում: Իսկ մեզ մո՞տ: Ամիսներով ռմբակոծում էին քաղաքը: Մարդիկ ամաչում էին գնալ նկուղում քնել: Ցերեկը գնում էին, բայց գիշերը բարձրանում էին իրենց տեղաշորում պառկում-քնում: Էս ժողովուրդը ո՞նց կարա պարտվի:
Չէ, մենք պետք է ապրենք, պետք է ուրախ ու հպարտ ապրենք, հային վայել կյանքով ապրենք:

Գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

Լրահոս
Փակվելու վտանգի առջև կանգնած դպրոցներին կփոխարինեն կրթամշակութային կենտրոնները, որտեղ կհաճախեն նաև մեծահասակներ ՄԻՊ աշխատակազմը կզբաղվի աղբահանության վերաբերյալ դժգոհությունների հարցով ԵԱՀԿ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումներին Բելառուսի կողմից «Պոլոնեզներ»-ի վաճառքն Ադրբեջանին անընդունելի է. Նիկոլ Փաշինյան Ձերբակալվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը և պահեստապետը Եղվարդում կասեցվել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը Թբիլիսիում Հաջիևին խորհուրդ է տվել կաշառքի վրա միլիոններ վատնելու փոխարեն իրապես ժողովրդավարական երկիր կառուցել Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը նախատեսվում է հուլիսի 26- ին. ՀՔԾ պետ ՀՅԴ-ն զորակցություն է հայտնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն Մի կաթիլ մեղր չդառնա հարցը. Արմեն Աշոտյան Գեորգի Ավետիսյանը խոստանում է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել փոքր ու միջին բիզնեսին Կիևյան կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը. Գուտերեշ ԿԳՆ-ն փորձելու է հասնել նրան, որ դպրոցներն աշխատեն մեկ հերթով և ընդունեն միայն իրենց տարածքի աշակերտներին Թեղուտում ազգային պարկը հսկող կամավորները ծեծի են ենթարկվել Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի Կառավարությունը երկու մարզիկի տրամադրեց զորակոչից տարկետում Հասարակությունը, որն ուզում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, պետք է ունենա նոր նախարար, ես կողմ եմ 12-ամյա կրթությանը ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ԱԱԾ պետը խոստանում է նոր աղմկոտ բացահայտումներ ապօրինի հարստացման դեպքերով Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք մաքուր, հրեշտակի թեւերով անձանց, չի լինում նման բան. Դավիթ Անանյան Ինչո՞ւ են դիրքեր գնացող զինվորները փող հավաքում. մեկնաբանում է Արցախի նախագահի խորհրդականը Ա. Հովհաննիսյանը Դ. Իոաննիսյանին մտավոր հետամնաց է անվանել. Հովհաննիսյանն արձագանքել է Կառավարությունը զինվորական զորակոչից տարկետում տվեց մի քանի տասնյակ ուսանողների Բնակչության շրջանում կիրականացվեն անվտանգ և արդյունավետ կանխարգելիչ պատվաստումներ. Արսեն Թորոսյան 2017-ի ընթացքում պետական մարմիններում հայտնաբերվել են գրեթե 5 մլրդ դրամի խախտումներ Չեմ թաքցնի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու ցանկություն ունեմ. ԱԱԾ տնօրեն Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ, բայց կհրավիրվի. Արթուր Վանեցյան Վարչապետը հանձնարարեց պարզել չիրագործված վարկային ծրագրերի թիվը, որոնց ուղղությամբ Հայաստանը շարունակում է վճարումներ կատարել Նիկոլ Փաշինյանը Փանիկի միջադեպը համարում է սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների Արայիկ Հարությունյանը կոչ է անում ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ կոնկրետ բանկերում հաշիվներ բացելու ուղղորդումներից Հայաստանը վճռական է ի կատար ածելու հնարավորինս հավակնոտ բարեփոխումներ Կառավարության նիստը` ուղիղ. օրակարգում ընդգրկված է 22 հարց ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու. Արայիկ Հարությունյան Այնպես չէ, որ գումար չկա, ճանապարհը կանգնած է. նախարարը՝ «Հյուսիս-հարավի» ֆինանսավորում չունեցող հատվածների մասին Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan