Իսրայելում Թուրքիայի դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ

Իսրայելում Թուրքիայի դեսպան Քեմալ Օքեմը այդ երկրի խորհրդարանում քննարկման դրված «Էզանը բարձրախոսի միջոցով կատարելու արգելքի» օրինագծի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատական արտահայտությունների պատճառով կանչվել է Իսրայելի արտգործնախարարություն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Ապրիլի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դիմելով մահմեդականությանը, կոչ է արել որքան հնարավոր է հաճախ այցելել Ալ-Աքսա մզկիթ:

Էրդողանը հայտարարել էր նաև, որ Երուսաղեմը շարունակում է գտնվել Իսրայելի օկուպացիայի տակ և քննադատել է Իսրայելի խորհրդարանում քննարկման դրված օրինագիծը, որով նախատեսվում է արգելել վաղ առավոտյան և ուշ գիշերը կատարվող մուսուլմանական աղոթքի (էզան) բարձրախոսների միջոցով կատարումը:

Էրդողանը այդ օրինագիծը որակել է որպես վիրավորանք մահմեդականների նկատմամբ:

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով Էրդողանի արտահայտություններին, հայտարարել է. «նա, ով իր երկրում շարունակաբար խախտում է մարդու իրավունքները չպետք է բարոյականություն և ժողովրդավարության դասեր տա տարածաշրջանում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում