Հայաստանի հանդեպ Իրանի քաղաքական ուղեգիծը պայմանավորված չէ այդ երկրում որևէ թեկնածուի ընտրվելու հանգամանքով

Հայաստանի հանդեպ Իրանի քաղաքական ուղեգիծը պայմանավորված չէ այդ երկրում որևէ թեկնածուի ընտրվելու հանգամանքով

Իրանի նախագահական ընտրություններում ով էլ հաղթի, այդ երկրի ու Հայաստանի հարաբերություններում նշանակալի փոփոխություններ չեն լինի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշեց, որ Հայաստանի հետ ընդհանուր քաղաքական ուղեգիծը կպահպանվի:

«Արդեն պարզ է, որ նախագահի թեկնածուների միջև առկա է սուր պայքար: Ինչպես գիտեք, կայացել է երկու հեռուստաբանավեճ: Բավական խիստ փոխադարձ քննադատություններ են հնչել: Արտաքին քաղաքական հարցերի հետ կապված դեռ բանավեճ չի եղել, սակայն կարող ենք ասել, որ Իրանի քաղաքական ուղեգիծը Հայաստանի հանդեպ պայմանավորված չէ առկա թեկնածուների ընտրվելու կամ չընտրվելու հանգամանքով: Այդ քաղաքական ուղեգիծը հիմնական շեշտադրումներով կպահպանվի: Այնպես որ, կոնկրետ պնդել, թե Հայաստանի շահերի տեսանկյունից որ թեկնածուն է նախընտրելի, մի փոքր դժվար է: Իրանի հի մնական ուղեգիծը որոշում է հոգևոր առաջնորդը: Այս իմաստով Հայաստանի նկատմամբ կտրուկ շրջադարձի սպասելն անտեղի է»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Իրանագետը նկատեց, որ իրանցիները փոփոխական կարծիք ունեն, մի քանի օրերի ընթացքում 2-3 անգամ կարող են փոխել իրենց որոշումը: Հետևաբար, թեկնածուների հետ կապված կանխատեսումներ անելը դժվար է: Ամեն դեպքում, ըստ Վարդան Ոսկանյանի, երկրորդ փուլի հավանականությունը մեծ է: Բարեփոխականներից, թերևս, կմնա մեկ թեկնածու` Հասան Ռոհանին, իսկ պահպանողականներից լավ դիրքեր ունի Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բաղիր Ղալիբաֆը:

«Ինչ վերաբերում է հայ համայնքի դիրքորոշմանը, ապա հայկական համայնքը հանդես չի գալիս որևէ մեկ թեկնածուի օգտին, հայերն ազատ են և կարող են քվեարկել նախընտրած թեկնածուի օգտին: Բայց նշեմ, որ հայ համայնքի մեծամասնությունը կողմնակից է բարեփոխականների թևին, ինչն, իհարկե, չի նշանակում, որ չկան պահպանողականների կողմնակիցներ: Հայաստան-Իրան հարաբերությունների պարագայում հայ համայնքի հետ կապված որևէ լուրջ փոփոխություն չի լինի` ընտրվի բարեփոխականը, թե պահպանողականը: Կարող ենք ասել, որ Իրանում հայ լինելն ինչ-որ առումով առավելություն է: Իրանում տեղի հայերին վերաբերում են հատուկ ուշադրությամբ: Հայ համայնքը վաստակել է այդ իրավունքը»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Իրանի նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 19-ին: Նախագահի աթոռի համար պայքարում են 6 թեկնածու` Հասան Ռոհանի, Մուստաֆա Աղա-Միրսալիմ, Սահակ Ջահանգիրի, Մոհամադ Բաղիր Ղալիբաֆ, Սեյեդ Իբրահիմ Ռաիսի, Մուստաֆա Հաշեմի Թաբա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում