Իրանի նախագահական ընտրությունների նախընտրական մրցապայքարը վերջին շրջանում թեժացել է

Իրանի նախագահական ընտրությունների նախընտրական մրցապայքարը վերջին շրջանում թեժացել է

Իրանի նախագահական ընտրությունների նախընտրական մրցապայքարը վերջին շրջանում թեժացել է և չի բացառվում, որ մինչ ընտրությունների օրն այն ավելի թեժանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ մրցակցության առանցքում եռյակ թեկնածուներն են՝ Հասան Ռոհանին, Մոհամադ Բաղիր Ղալիբաֆը, Սեյեդ Իբրահիմ Ռեիսին, որոնք հեռուստաբանավ եճի ընթացքում սուր քննադատություններ են հնչեցրել միմյանց հասցեին:

«Այդ ամենը հասարակական շրջանում եռուզեռ է առաջացնում եւ ոգևորում պասիվ հատվածին` մասնակցելու ընտրություններին: Ինչեւէ, երկու օր անց, 3-րդ եւ վերջին հեռուստաբանավեճն է, որն, ի դեպ, տնտեսական զգայուն թեմաներ է շոշափելու, գործող նախագահի ընդդիմախոս թեկնածուներին առիթ է ընձեռելու օգտագործել իրենց քարոզչական ամբողջ, այդ շարքում պոպուլիստական զինանոցը, որն, անշուշտ, դիմագրավելու հնարքներով փորձելու է հաղթահարել թեկնածու նախագահ Ռոհանին»,-նշել է նա:

Դերենիկ Մելիքյանի խոսքով, մյուս կողմից, 12 տարի առաջ՝ Ռաֆսանջանի-Ահմադինեժադ մրցապայքարի ժամանակ նման հասարակական-հոգեբանական մթնոլորտ էր, որն անկանխատեսելի հետևանքներ ունեցավ:

«Հուսանք, որ նախընտրական բազմապիսի կրքերը, անկախ ընտրությունների արդյունքից, չեն փոխադրվի հետընտրական փուլ ու ամեն ինչ իրենց բնականոն եւ առավել խաղաղ գործընթացներով կշարունակվեն»,-հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում