Արցախի վարչապետը 2016թ. հաջողություններից է համարում տնտեսության դիվերսիֆիկացումը և էներգետիկայի աճը

Արցախի վարչապետը 2016թ. հաջողություններից է համարում տնտեսության դիվերսիֆիկացումը և էներգետիկայի աճը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մայիսի 10-ին ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը խորհրդարանի պատգամավորներին, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների պատասխանատուներին է ներկայացրել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Նիստը վարել է գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը։

Օրենսդիր-գործադիր իշխանությունների համատեղ քննարկմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը և կառավարության անդամներ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ֆինանսների նախարարի ներկայացմամբ հաշվետու տարում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 230 մլրդ դրամ՝ 2015թ.-ի նկատմամբ արձանագրելով 9,2% աճ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 59 մլդ դրամ, աճելով է 9,7%-ով:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ նախորդ տարվա էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունը գրեթե հավասար է եղել ծախսվող Էլեկտրաէներգիայի քանակին: Արտադրվել է 296,4մլն կվտ.ժ, ծախսվել՝ 299 մլն կվտ.ժ:

Միջին ամսական աշխատավարձը կազմել է 152, 707 դրամ, որը 1,1%-ով ավել է 2015թ.-ի ցուցանիշից:

2016թ.-ին պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 33 մլրդ 711,1մլն դրամ, ինչը 2015թ.-ի համեմատ նվազել է 725,3 մլն-ով: Ֆինանսների նախարարը նվազումը պայմանավորել է 2016թ. ապրիլյան պատերազմով:

Պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 84 մլդ 670 մլն դրամ: Հաշվետու տարվան նախորդող տարվա համեմատ, ծախսերն ավելացել են 1մլդ 562,7 մլն դրամով: Դեֆիցիտը կազմել է 3 մլդ 692,4մլն դրամ:

Բյուջեի կատարողականի մասին պարզաբանումներ է տվել վարչապետ Արայիկ Հարությունյանը, ընդգծելով, որ չնայած ապրիլյան պատերազմի պատճառած վնասներին՝ այնուամենայնիվ, տնտեսությունը չի հայտնվել ֆորս-մաժորային իրավիճակում:

Արայիկ Հարությունյանը 2016-ի հաջողություններից է համարել տնտեսության դիվերսիֆիկացիան և էներգետիկայի ասպարեզում արտադրության աճը:

2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները, համաձայն ժամանակացույցի, կշարունակվեն խորհրդարանի մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում