Գեղարքունիքի մարզում կատարվել է 10 հազար 524 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզում կատարվել է 10 հազար 524 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում շարունակվում է գարնանացանը՝ չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, 2017 թվականի մայիսի 9-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում կատարվել է մոտ 10 հազար 524 հեկտար գարնանացան, որից 8 հազար հեկտարը կազմում են գարնանացան գարու, 400 հեկտար՝ գարնանացան ցորենի ցանքերը: Մնացած տարածքներում ցանվել են այլ հացաբույսեր, ընդեղեն: Կատարվել է նաեւ 754 հեկտար կարտոֆիլի ցանք:

Տնտեսությունները ստացել են պետության կողմից սուբսիդավորված 2832 տոննա ազոտական պարարտանյութ: «Գարնանացանի ընթացքը դանդաղեցնում են եղանակային անբարենպաստ պայմանները՝ անձրեւները եւ ուժեղ քամիները: Կարելի է ասել, որ ցանքը մոտ կես ամսով ուշանում է, բայց տնտեսություններն անում են հնարավորը, որպեսզի հասցնեն օր առաջ սերմը պահ տալ հողին»,-նշեց գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության մասնագետ Ռաֆիկ Բադեյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում