Հոկտեմբերի Երևանում կկայանա ԵՄ ԱլԳ երկրների տեղական և տարածաշրջանային իշխանությունների համաժողովը

Հոկտեմբերի Երևանում կկայանա ԵՄ ԱլԳ երկրների տեղական և տարածաշրջանային իշխանությունների համաժողովը

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է Օյպեն քաղաքում ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կողմից կազմակերպած «Հաջողված տարածքային բարեփոխում» խորագրով համաժողովին, որտեղ քննարկվել են Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններում ավելի արդյունավետ կառավարման, համար նախատեսված, ինչպես նաև տնտեսական ճգնաժամով պայմանավորված բարեփոխումները, ենթաազգային բարեփոխումների ընթացքը, մեթոդները և պատշաճ կառավարման գործընթացը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովում Վաչե Տերտերյանը ներկայացրել է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացը, հայտարարել, որ նպատակը տեղական մակարդակում տնտեսապես կայուն և կենսունակ կառույցների ստեղծումն է: «Դա կարևոր նախապայման է տեղական ժողովրդավարության, հետագա ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման կայացման համար»,- ասել է առաջին փոխնախարարը:

Այցի շրջանակներում Վ. Տերտերյանը հանդիպել է Եվրոպական ռեգիոնների հանձնաժողովի նախագահ Մարկու Մարկկուլայի հետ: Վաչե Տերտերյանն ընդգծել է Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների տեղական և տարածաշրջանային իշխանությունների (CORLEAP) համաժողովի շրջանակներում համագործակցությունը և կարևորել 2017թ.հոկտեմբերին Երևանում կայանալիք CORLEAP-ի հերթական համաժողովի դերը փորձի փոխանակման և ավելի արդյունավետ կառավարման տեսանկյունից: «Համայնքներում տնտեսական զարգացումը կարևոր գերակայություն է հայտարարված ՀՀ կառավարության կողմից, խրախուսվում է նորարարությունը, կանաչ տեխնոլոգիաները, էլեկտրոնային կառավարումը և ավելի արդյունավետ կառավարումը»,– ասել է Վաչե Տերտերյանը:

Մարկու Մարկկուլան իր հերթին գոհունակություն է հայտնել CORLEAP-ում հայկական համանախագահության ընթացքում համագործակցությունից` ընդգծելով տարածքային կառավարման և զարգացման նախարարության առանցքային դերը բարեփոխումների իրականացման հարցում: Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում