Մենք զգում ենք մեր մեղքի բաժինը. ՊԵԿ նախագահը՝ ադրբեջանական խնձորի ներկրման մասին

Մենք զգում ենք մեր մեղքի բաժինը. ՊԵԿ նախագահը՝ ադրբեջանական խնձորի ներկրման մասին

Պետական եկամուտների կոմիտեի ջանքերի արդյունքում բացահայտվել են ադրբեջանական խնձորն ապօրինի ճանապարհով Հայաստան ներկրած անձինք և նրանց այդ հարցում կաշառվելու եղանակով օգնած մաքսավորները: Մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: «Երևույթը շատ վատ է, ես խիստ բացասական եմ վերաբերվում այդ երևույթին: Մեր կողմից կատարված միջոցառումների արդյունքում բացահայտվել է՝ ովքեր են ներկրողները, նրանց օգնած մեր աշխատակիցներն ովքեր են և քանիսն են: Հիմա գործը գտնվում է քննչական կոմիտեի վարույթում: Քանի որ գործը քննության փուլում է, թույլ տվեք ձեռնպահ մնալ անուններ հրապարակելուց: Քննչական կոմիտեն երեկ հրապարակել էր, թե քանի անձ կա ձերբակալված և որքան վնաս է պատճառվել պետությանը»,- ասաց Հարությունյանը:

Նա հավելեց, որ համակարգը մաքրելու փուլում դեռ կան մարդիկ, որ չեն հասկանում, որ եկել է վերափոխվելու ժամանակը և նման զանցանքներից պետք է զերծ մնան: «Ես մեր մեղքի բաժինն այս ամենի մեջ զգում եմ, բայց կրկնում եմ, որ մեր ջանքերի շնորհիվ են բացահայտվել մեղավորները: Մեղքի բաժին ունեն ոչ միայն կաշառվող մաքսավորները, այլ նաև կաշառողը, ներկրողը, այդ խնձորը վաճառողները: Մենք մեր մեղքի բաժինն ունենք, և ես հայտարարում եմ, որ այդ մարդիկ պատժվելու են»,- ընդգծեց Հարությունյանը:

ՀՀ ՊԵԿ նախագահը խոստանում է, որ պայքար է մղելու կոռուպցիոն երևույթների դեմ և ամեն ինչ անելու է նման երևույթները նվազագույնի հասցնելու համար: «Ես չգիտեմ՝ որքանով ինձ կհաջողվի բացառել կոռուպցիոն երևույթները, բայց ամեն ինչ անելու եմ դրա համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայության տվյալների համաձայն՝ ադրբեջանական խնձորի ու այլ գյուղմթերքի մաքսանենգ ներկրման գործով պետությանը պատճառվել է 8 մլն դրամի վնաս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում