Հակակարկտային պաշտպանության նոր եղանակի ներդրումը ազդեցիկ նշանակություն կունենա գյուղատնտեսության համար

Հակակարկտային պաշտպանության նոր եղանակի ներդրումը ազդեցիկ նշանակություն կունենա գյուղատնտեսության համար

Հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագրի իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց ավելի քան 75 մլն դրամ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ ծրագիրը կիրականացվի Արագածոտնի և Լոռու մարզերում: «Վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ է անցկացվել ոլորտում: Կարկտահարություններից առաջացած վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլուծությունը փաստում է, որ այս բնագավառում հրատապ անհրաժեշտություն է առաջացել հակակարկտային պաշտպանության նոր եղանակների կիրառումը: Որոշման ընդունումը կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի կորուստների նվազեցմանը և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանն երի ստեղծմանը, եկամուտների ավելացմանը և գյուղում աղքատության հաղթահարմանը», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը:

Հնարավորություններ կստեղծվեն գյուղատնտեսության առկա ռեսուրսային ներուժի օգտագործման և շուկայի պահանջներին համապատասխան արտադրության ծավալների ապահովման համար, կխթանվի հանրապետության գյուղատնտեսության հետագա զարգացումը, արդյունավետության ու մրցունակության բարձրացումը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց ծրագրի իրականացումը և նշեց. «Մենք շատ մեծ հույս ենք կապում ծրագրի հետ: Կարծում եմ, որ այն չափազանց կարևոր և ազդեցիկ նշանակություն կարող է ունենալ գյուղատնտեսության զարգացման համար»:

Հայաստանում բնական տարբեր աղետները բացասաբար են անդրադառնում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական վիճակի վրա: Միայն 2016թ. ընթացքում կարկտահարություններից գյուղատնտեսությանը հասցվել է մոտ 34 մլրդ դրամի վնաս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում