Կառավարությունը մտադիր է 2017-ին կրկնապատկել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը

Կառավարությունը մտադիր է 2017-ին կրկնապատկել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017 թվականին կրկնապատկել մեր երկիր ժամանող զբոսաշրջիկների թիվը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը՝ ավելացնելով, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 18.23 տոկոսով, ինչը, նրա խոսքով, աննախադեպ է:

«Շատ հավակնոտ է հնչում, բայց մենք նպատակ ունենք մինչև այս տարեվերջ կրկնապատկել զբոսաշրջիկների թիվը: Այդ առումով հսկայական աշխատանք ենք տանում հատկապես հարևան երկրներում՝ Իրանում, Ռուսաստանում: Ես կարծում եմ, որ ապրիլին էլ մեծ աճ կունենանք, որը պետք է համեմատենք 2015-ի նույն ամսվա հետ, քանի որ 2016-ի քառօրյա պատերազմի պատճառով ոլորտում ունեցանք անկում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Զեյթունցյանը:

Նրա տեղեկացմամբ, այս տարի ամենաշատ թվով զբոսաշրջիկներ Հայաստան եկել են Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և Չինաստանից: Իրանից միայն մարտ ամսին արձանագրվել է զբոսաշրջիկների ժամանման 23 տոկոս աճ:

2016 թվականին Հայաստան է այցելել մեկ միլիոն 250 հազար զբոսաշրջիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում