Անվտանգության հետ կապված իրադրությունը փոխվել է, ահաբեկչությունն ամենօրյա սպառնալիք Է դարձել. Մերկել

Անվտանգության հետ կապված իրադրությունը փոխվել է, ահաբեկչությունն ամենօրյա սպառնալիք Է դարձել. Մերկել

Ահաբեկչությունը Եվրոպային սպառնում է մշտապես: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած բանակցությունների արդյունքները:

«Մենք՝ եվրոպացիներս, տեսնում ենք աստիճանաբար փոխվող իրադրությունը, տեսնում ենք, թե մեր հարեւանությամբ ինչպես է ամեն օր դրսեւորվում ահաբեկչական սպառնալիքը»,- ասել է ԳՖՀ-ի կառավարության ղեկավարը:

Կանցլերը հավելել է, որ Գերմանիան հավատարիմ է ահաբեկչությանը հակազդելու նպատակին, ինչի կապակցությամբ ուսուցանում է անվտանգության ուժերին տարածաշրջանում, մասնավորապես Աֆղանստանում: «Մենք խոսքերն ամրապնդում ենք գործողություններով»,-հայտարարել է կառավարության ղեկավարը:

Մերկելը նաեւ հայտնել է, որ Գերմանիան չի պլանավորում ընդլայնել իր մասնակցությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող արեւմտյան երկրների կոալիցիային նույնիսկ այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ն պաշտոնապես միանա գործողությանը:

«Նույնիսկ եթե նման որոշում լինի, դա չի նշանակելու, որ ռազմական այն ակտիվությունը, որն այժմ իրականացնում է Գերմանիան, կուժեղացվի,-ասել է նա:- Մենք այդ մասին պարզորոշ հայտարարել ենք», – հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում