ՀՀ պետբյուջեի առաջին եռամսյակի եկամուտների 38.2 տոկոսն ապահովվել է ԱԱՀ-ի հաշվին

ՀՀ պետբյուջեի առաջին եռամսյակի եկամուտների 38.2 տոկոսն ապահովվել է ԱԱՀ-ի հաշվին

2017 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 38.2 տոկոսն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, այն կազմել է 97.7 մլրդ դրամ և 12.8 տոկոսով կամ շուրջ 11.1 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:

ԱԱՀ-ի մուտքերից շուրջ 38.9 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 58.8 մլրդ դրամը` ապրանքների և ծառայությունների ներքին շրջանառությունից: ԱԱՀ-ի մուտքերի աճը մեծ մասամբ պայմանավորված է ներքին շրջանառությունից ստացված մուտքերի 13.7%-ով (7.1 մլրդ դրամով) աճով: Մաքսային սահմանին գանձված մուտքերը նույնպես աճել են` 11.5%‑ով (4 մլրդ դրամով):

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 9.4%‑ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 23.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 3.1%-ով կամ 775.2 մլն դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում 76.2 մլրդ դրամ են կազմել եկամտային հարկից ստացված մուտքերը՝ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 29.8%‑ը և 4.2%‑ով կամ 3.1 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2017 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 5.3%-ն ապահովվել է մաքսատուրքի մուտքերի հաշվին` կազմելով շուրջ 13.6 մլրդ դրամ: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մաքսատուրքի մուտքերն աճել են 17.5%‑ով կամ 2 մլրդ դրամով:

2017 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 6.9 մլրդ դրամ պետական տուրքեր` 105.2%-ով ապահովելով առաջին եռամսյակի ծրագիրը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 2.2%‑ով կամ 158.5 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար գանձվող տուրքերի նվազմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում