Միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, տնտեսագիտություն. պահանջված մասնագիտությունների ցանկը չի փոխվում

Միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, տնտեսագիտություն. պահանջված մասնագիտությունների ցանկը չի փոխվում

Բնագիտական մասնագիտությունները շարունակում են քիչ հետաքրքրել դիմորդներին: Երևանի պետական, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանների վերջին տարիների ընդունելության վերլուծությունը ցույց է տալիս, որ պահանջված մասնագիտությունների ցանկում առանձնապես փոփոխություն չկա:

«Զգալի փոփոխություններ չեն եղել, հումանիտար ֆակուլտետներում վերջին տասը տարիներին բավական ակտիվություն կա: Շարունակում են պահանջված մնալ միջազգային հարաբերությունները, իրավագիտությունը, հանրային կառավարումը, տնտեսագիտությունը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը: Նրա խոսքով, ամեն դեպքում որոշ դրական տեղաշարժ նկատվում է բնագիտական, ֆիզմաթ ֆակուլտետներում: Օրինակ, «Մաթեմատիկա» մասնագիտ ության գծով 2015 թվականին դիմել էր 57 հոգի, 2016-ին արդեն` 107 հոգի:

Բնագիտական մասնագիտությունների գծով պասիվությունը Վաչագան Գալստյանը պայմանավորում է ուսանողների ընդհանուր թվի նվազմամբ, ինչպես նաև շուկայում այդ մասնագիտությունների պահանջարկված չլինելով:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի քարտուղար Արտաշես Մարտիրոսյանը նշեց, որ իրենց մասնագիտությունների 95 տոկոսն առնչվում է կրթական հաստատությունների հետ, շուկան հիմնականում դպրոցն է: Պահանջված մասնագիտություններն են Հայոց լեզուն և գրականությունը, սոցիոլոգիան, հոգեբանությունը, տարրական մանկավարժությունը և մեթոդիկան և այլն: Բուհը հանդես է գալիս նաև նոր առաջարկներով:

«Ունենք երկու նոր բաժին, մեկը շախմատն է: Ինչպես գիտեք, դպրոցներում դասավանդվում է «Շախմատ» առարկա, հետևաբար մասնագետներ ունենալու անհրաժեշտություն կա: Այս ծրագիրն առաջին անգամն է առաջարկվում, հույս ունենանք, որ դիմորդների շրջանում պահանջված կլինի: Հաջորդ նոր մասնագիտությունը շրջակա միջավայրի պահպանությանն է վերաբերում, ավարտողները դառնալու են բնապահպաններ»,-ասաց Արտաշես Մարտիրոսյանը:

Մանկավարժական համալսարանն անցկացնում է ընդունելություն առկա բակալավրիատի կրթական ծրագրով 43, հեռակայով` 38 մասնագիտության գծով: Կազմակերպվում է նաև շարունակական կրթական ծրագիր, որով միջին մասնագիտական, արհեստագործական հաստատությունները բարձր առաջադիմությամբ ավարտածները միանգամից ընդունվում են երկրորդ կուրս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում