Ներդրումային ծրագրի արդյունքում ՀՀ քաղաքացիները կապահովվեն բարձրորակ ձկնամթերքով

Ներդրումային ծրագրի արդյունքում ՀՀ քաղաքացիները կապահովվեն բարձրորակ ձկնամթերքով

ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգեց ներդրումային ծրագրի շրջանակում «Սևան ակվա» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Մեկ այլ որոշմամբ էլ ընկերությանը թույլատրվեց օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը մաքսատուրքից ազատելու ա րտոնությունից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա ծրագրի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: «Ընկերությունը նախատեսում է տեղակայել ևս 12 մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն Սևանա լճում` գործող ցանցավանդակների թիվը հասցնելով 24-ի: Ծրագրի իրականացման արդյունքում տեղական սպառողները հնարավորություն կունենան մշտապես սպառելու բարձրորակ և համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք»,- նշեց նախարարը:

Մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն կառուցելու համար ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 1,75 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 0,9 մլրդ դրամ: Արդյունքում կստեղծվի մոտ 85 աշխատատեղ` 2017թ. 230, 2018թ. 220, 2019թ. 220 հազար դրամ միջին աշխատավարձով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում