Գերմանիայի ֆինանսների նախարարն առաջարկել է ստեղծել եվրոգոտու երկրների խորհրդարան

Գերմանիայի ֆինանսների նախարարն առաջարկել է ստեղծել եվրոգոտու երկրների խորհրդարան

Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հանդես է եկել եվրոգոտու երկրների խորհրդարան ստեղծելու նախաձեռնությամբ՝ եվրոպական ինտեգրացումն ուժեղացնելու համար:

«Ես այդ մասին խոսել եմ Էմանուել Մակրոնի հետ. Եվրախորհրդարանի անդամների հետ կարելի է ստեղծել եվրոյի գոտու խորհրդարան, որը խորհրդատվական աջակցություն կցուցաբերեր Եվրոպայի կայունացման մեխանիզմին»,- հաոյտարարել է Շոյբլեն իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում:

Գերմանացի նախարարը մեկնաբանել է Ֆրանսիայի նորընտիր նախագահի տնտեսական ծրագրի «եվրոպական» կետերը, մասնավորապես, միասնական ֆինանսական նախարարության կազմակերպման եւ եվրոգոտու ընդհանուր բյուջեի ստեղծման վերաբերյալ:

«Նախագահ Մակրոնը եւ ես լիովին համակարծիք ենք, որ եվրոգոտու ամրապնդման համար կա երկու եղանակ՝ փոխել (ԵՄ-ի համար հիմնարար Հռոմի համաձայնագրի) Տրակտատները կամ դա անել միջկառավարական շփումների պրագմատիկ ճանապարհով: Տրակտատների փոփոխումը կպահանջի միահամուռություն եւ ազգային խորհրդարանների հավանությունը, իսկ մի քանի երկրներում նաեւ հանրաքվեի անցկացում: Բայց քանի որ ներկա պահին դա իրատեսական չէ, այժմ մենք պետք է փորձենք առաջ գնալ՝ օգտագործելով առկա գործիքները»,– հավելել է Շոյբլեն, որը մայիսի 11-ից մինչեւ 13-ը մասնակցում Է «մեծ յ ոթնյակի» ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների՝ իտալական Բարիում ընթացող հանդիպմանը:

Ավելի վաղ ԳՖՀ-ի կանցլերի թեկնածու, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը ZEIT պարբերականին տված հարցազրույցում հանդես Է եկել եվրոգոտու պետությունների ընդհանուր բյուջեի ստեղծման օգտին:

«Եթե Եվրախմբի պետությունները պետք է լուծեն ընդհանուր խնդիրներ, ապա բյուջեի համատեղ ֆինանսավորումն իմաստ ունի»,- ասել է Շուլցը: Նա հավելել է, որ «ոչինչ չխոստացող եւ անարդյունք գագաթնաժողովների հավերժական ռիթմից դուրս գալու համար մեզ ռազմավարություն է հարկավոր տնտեսության աճն արագացնելու եւ եվրոգոտում աշխատատեղերն ավելացնելու համար»: Եվրոգոտու երկրների զարգացումը հարկավոր է բոլոր նրանց, ովքեր «չեն պաշտպանում սահմանափակումների քաղաքականությունը, որը վարում է ԱՄՆ-ը, եւ Brexit-ի հաղթանակը», -նշել է Շուլցը:

Նա հայտարարել է, որ իր նախընտրական արշավում մտադիր է կողմնորոշվել դեպի Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը, որի եվրոպամետ դիրքորոշումը հաղթեց: «Ես նույնպես պատրաստվում եմ դա անել»,- ասել է Շուլցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում