Թրամփը հուսով է, որ Լավրովի հետ հանդիպումը կօգնի մեծ թվով կյանքեր փրկել

Թրամփը հուսով է, որ Լավրովի հետ հանդիպումը կօգնի մեծ թվով կյանքեր փրկել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը կմոտեցնի խաղաղության հաստատումը Սիրիայում եւ Ուկրաինայում: NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը ենթադրել է, որ ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ կայացած քննարկումը վերջին հաշվով մեծ թվով կյանքեր կփրկի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ՝ մեր զրույցը գերազանց էր: Այն վերաբերում էր Սիրիային եւ Ուկրաինային: Հնարավոր է՝ այդ քննարկման շնորհիվ շատ ավելի քիչ մարդիկ կսպանվեն, եւ այն վերջին հաշվով թույլ կտա խաղաղություն հաստատել»,– ասել է Թրամփը:

«Լավ է, որ ես հանդիպում եմ մարդկանց հետ»,- նշել է նա եւ պատմել, թե ինչպես Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ համաձայնեց հանդիպել Լավրովի հետ: «Ինձ բավարարում են նման հանդիպումները, դա լավ է, այլ ոչ թե վատ»,– հավելել է ԱՄՆ-ի նախագահը:

ԱՄՆ-ի նախագահի հետ ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը տեղի Է ունեցել մայիսի 10-ին: Դրա արդյունքների վերաբերյալ Սպիտակ տանը հայտարարել են, որ Թրամփը մտադրություն է հայտնել բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սերգեյ Լավրովը «գործի մարդիկ» է անվանել Թրամփի վարչակազմի աշխատակիցներին: ՌԴ ԱԳ նախարարությունում նշել են, որ չնայած հայտնի բոլոր դժվարություններին, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը կարող են եւ պետք է միասին օգնեն լուծելու միջազգային օրակարգի հանգուցային հիմնախնդիրները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում