Սիրիայի նախագահն անարդյունք է համարում Ժնեւի բանակցությունները

Սիրիայի նախագահն անարդյունք է համարում Ժնեւի բանակցությունները

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այն կարծիքին է, որ Սիրիայի հակամարտության կրագավորման շուրջ Ժնեւում կայացած բանակցություններն անարդյունք էին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա ասել է բլառուսական ՕՆՏ հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ինչ վերաբերում է Ժնեւին, այն մինչ այժմ ընդամենը ԶԼՄ-ների համար հանդիպման վայր է մնում: Ժնեւյան հանդիպումներից ոչ մեկում ոչ մի կոնկրետ բան չի արվել, նույնիսկ մեկ միլիոներորդ տոկոսի չափով»,- հայտարարել է Ասադը:

Նրա խոսքով՝ Ժնեւը մի գործընթաց է, որի նպատակը Սիրիայի իշխանություններից զիջումների հասնելն է:

«Բայց ես ոչ մի զիջման չեմ գնա, քանի որ նախագահն իրավունք չունի ազգային մասշտաբի զիջումներ անել,- ասել է նա:- Նման որոշումներն ընդունվում են համազգային, համաժողովրդական մակարդակով, դրա համար հանրաքվե է անհրաժեշտ»:

Ասադը նշել է, որ ինքը կարող է զիջումների գնալ «անձնական հարցերում, բայց ոչ այն հարցերում, որոնք վերաբերում են երկրի ինքնիշխանությանը, ազգային շահերին, սահմանադրությանն ու անկախությանը»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան մայիսի 11-ին հայտնել է, որ Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը Ժնեւում տեղի կունենա մայիսի 16-19-ը: «Սիրիայի շուրջ բանակցությունները կկայանան մայիսի 16-19-ը, դրանք կլինեն համեմատաբար կարճատեւ գործնական բանակցություններ»,– նշել է դե Միստուրան: Նրա խոսքով՝ կողմերը կջանան կայունացնել այն գործընթացը, որն ավելի վաղ գործարկվել է Աստանայում:

«Սիրիայի ժողովրդի համար գերակայություն է մնում սպանությունների դադարեցումը»,– ընդգծել է դե Միստուրան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում