Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն կստանա ձայների 70 %-ը

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն կստանա ձայների 70 %-ը

Երևանում մայիսի 14-ին կայանալիք ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կստանա ընտրողների ձայների 70 տոկոսը, «Ելք» դաշինքը՝ 20 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 10 տոկոսը: Մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը` ներկայացնելով ընկերության կողմից անցկացված հարցման վերջին արդյունքները:

«Հանրապետականը կարող է ունենալ նվազագույնը 64-65 տոկոս ձայն, և այդ դեպքում «Ելք»-ը կունենա 22-23 տոկոս, «Երկիր Ծիրանի»-ն՝ 12-13 տոկոս: ՀՀԿ-ն կունենա մոտ 45 ավագանու անդամ: Եվ դա հենց այն մեծամասնությունն է, որով նրանք կարող են ղեկավարել քաղաքը»,- ասաց սոցիոլոգը:

Ըստ Ադիբեկյանի՝ Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությանը մասնակցելու է ընտրության իրավունք ունեցողների մոտ 50 տոկոսը:

«Հարցվածների 43 տոկոսը հետաքրքրված է ընտրություններով, 43 տոկոսը՝ոչ, 14 տոկոսը՝ դեռևս տատանվում է»,- նշեց Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ «Ելք» դաշինքի ընտրազանգվածը հիմնականում 50-նն անց քաղաքացիներ են, «Երկիր Ծիրանի» կուսակցության մեծամասնությունը կանայք են, իսկ ՀՀԿ-ի ընտրազանգվածի տարիքային խումբը համաչափ է:

«Բնակիչներին հիմնականում հետաքրքրում են տրանսպորտի, աղբահանման, կանաչապատման, բակերի բարեկարգման, շենքերի տանիքների և վերելակների վերանորոգման խնդիրները»,- նշեց Ադիբեկյանը:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են երեք քաղաքական ուժ` ՀՀԿ, «Երկիր ծիրանի» կուսակցությունները և «Ելք» դաշինքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում