Շուշիում հնագետները պեղում են Մեղրեցոց եկեղեցին

Շուշիում հնագետները պեղում են Մեղրեցոց եկեղեցին

Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում գտնվող Մեղրեցոց եկեղեցում առաջին անգամ պեղման, մաքրման աշխատանքներ են մեկնարկել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը` նպատակը եկեղեցու ուրվագիծը բացելն է: «Եկեղեցին հիմնականում քանդել եւ բետոնապատել են: Մեր հիմնական ակնկալիքը եկեղեցու հիմքերն ուսումնասիրելն է»,-ասաց նա: Երանյանը կարեւորեց այն փաստը, որ եկեղեցու արեւելյան պատն ու խորանը պահպանված են: «Պեղումներն իրականացնում են «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագետները: Շուշիի Մեղրեցոց եկեղեցին կառուցել են մեղրեցի ներգաղթյալները: Արձանագրություններում այն հիշատակված է որպես սբ. Ամենափրկիչ Մեղրեցոց եկեղեցի, որը կառուցվել է Մահտեսի Հախումյանցի ծախսերով` 1833 թվականին: Աղոթասրահն ունեցել է ուղղանկյուն ծավալատարածական հորինվածք։ Թաղակապ կամարները հանգել են սրահի կենտրոնում բարձրացված չորս սյուների և երկայնական պատերի երեք զույգ որմնասյուների վրա: Երբեմնի ճարտարապետական համալիրը 1960-ական թվականներին քանդվել, հարմա րեցվել և վերածվել է ամառային բացօթյա կինոթատրոնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում