Ադրբեջանը վերջնականապես արգելափակեց ընդդիմադիր բոլոր կայքերը

Ադրբեջանը վերջնականապես արգելափակեց ընդդիմադիր բոլոր կայքերը

Ադրբեջանի քաղաքացիներն այսուհետև վերջնականապես զրկված կլինեն մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների համացանցային տարբեր ռեսուրսների հասանելիությունից: Բաքվի Սաբաիլի շրջանի դատարանը մայիսի 12-ին կայացած նիստում բավարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության կողմից մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների ինտերնետային կայքերն արգելափակելու վերաբերյա լ հայցը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Դատարանի վճռով՝ արգելափակվել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, «Ազատություն» թերթի, «Թուրան» հեռուստաալիքի, «Ադրբեջանի ժամանակ» հեռուստահաղորդման և «Meydan tv»-ի ինտերնետային կայքերը:

Նախորդ անգամ նշված լրատվամիջոցները Ադրբեջանի կապի նախարարությունն արգելանքի տակ էր դրել 2017-ի մարտի 27-ին:

Ադրբեջանի ներկայիս իշխանությունները հետևողականորեն լռեցնում են երկրում չնչին կենսունակություն ցուցաբերող անկախ մամուլի ձայնը, այդպիսով փորձելով բնակչությանը զրկել իրական տեղեկատվություն ստանալու հնարավորությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում