Շվեդիայում ներգաղթյալների թվով սիրիացիներն առաջին անգամ առաջ են անցել ֆիններից

Շվեդիայում ներգաղթյալների թվով սիրիացիներն առաջին անգամ առաջ են անցել ֆիններից

Շվեդիայում ֆինները միգրանտների ամենամեծ խումբն էին կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից ի վեր, սակայն սիրիացիները նրանցից առաջ են անցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Svenska Dagbladet-ը՝ վկայակոչելով Կենտրոնական վիճակագրական բյուրոյի (ԿՎԲ) տվյալները: 

«Սիրիացիներն առաջ են անցել: Դա պատմական իրադարձություն է»,– նշում է ԿՎԲ-ի աշխատակից Թոմաս Յուհանսոնը:

Նրա խոսքով՝ այս տարվա մարտի դրությամբ, Շվեդիայում բնակվող սիրիական ծագմամբ օտարերկրացիների թիվը կազմել է 158 հազար այն դեպքում, երբ ֆինները 153 հազար են: Ընդ որում վիճակագրության մեջ չեն մտնում ապաստան տրամադրելու դիմում ներկայացրածները, խոսքը վերաբերում է միայն երկրում պաշտոնապես գրանցվածներին: 

Փորձագետները դրա ակներեւ պատճառը համարում են Սիրիայում շարունակվող պատերազմը: «Վերջին մի քանի տարվա ընթացքում շատ սիրիացիներ են ժամանել: Անցյալ տարի այստեղ 50 հազարից ավելի մարդ Է հաստատվել»,- ասում է Յուհանսոնը:

Մինչդեռ Շվեդիայում բնակվող ֆիններն ավելի ու ավելի են պակասում, քանի որ մեծամասնությունը որպես աշխատանքային միգրանտներ այս երկիր էին տեղափոխվել դեռ մինչեւ 80-ական թվականները: Այսօրվա դրությամբ շվեդահպատակների մոտավորապես 18 տոկոսը՝ գործնականում յուրաքանչյուր հինգերորդը, օտարերկրյա ծագում ունի:

Բացի սիրիացիներից ու ֆիններից, առավել խոշոր Էթնիկ խմբերը կազմում են իրաքցիները (136,4 հազար), լեհերը (89,3 հազար) եւ իրանցիները (71,3 հազար): Նախկին Հարավսլավիայից սերվածների թիվը հասնում է շուրջ 170 հազարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում