Արցախի խորհրդարանը հյուրընկալել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին

Արցախի խորհրդարանը հյուրընկալել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է ապագա դիվանագետների՝ արդեն ավանդույթ դարձած այցը Արցախ:

«Այստեղ լինելով՝ դուք հնարավորություն եք ստանում ներսից զգալու Արցախը և ստանալու Արցախին վերաբերող այն անհրաժեշտ տեղեկությունները, որոնք պետք է կիրառեք դիվանագիտական գործունեության ընթացքում»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

Այնուհետև խորհրդարանի ղեկավարը դիվանագիտական դպրոցի ուսանողներին ներկայացրել է Արցախի օրենսդիր մարմնի անցած ճանապարհը, անդրադարձել 6-րդ գումարման Ազգային ժողովի կազմին, կառուցվածքին, քաղաքական ներկայացվածությանը և մի շարք առանձնահատկությունների:

Աշոտ Ղուլյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը ժամանակակից միջազգային հարաբերություններում, մասնավորապես անկախության ձգտող երկրների համար: Այս համատեքստում ապագա դիվանագետները ծանոթացել են ԱՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության և այլ երկրների խորհրդարանների հետ ունեցած միջխորհրդարանական հարաբերություններին:

Պատասխանելով հյուրերի հարցերին՝ ԱԺ նախագահն անդրադարձել է Արցախի նոր Սահմանադրությամբ նախատեսված նախագահական կառավարման համակարգի առանձնահատկություններին, խորհրդարանում քաղաքական բազմակարծության մակարդակին, ինչպես նաև Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում