Ավագ լեյտենանտը ցանկանում էր Վազգեն Սարգսյանի անկյուն ստեղծել. ապրիլյան հերոս Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է

Ավագ լեյտենանտը ցանկանում էր Վազգեն Սարգսյանի անկյուն ստեղծել. ապրիլյան հերոս Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է

Ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում նահատակված ավագ լեյտենանտ Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է մայիսի 13-ը: Հայրենիքին նվիրված, օգնության հարցում միշտ պատրաստակամ, անչափ ուշադիր. Արգիշտին հենց այսպես կապրի ընկերների ու հարազատների հիշողություններում: Հերոսի կրտսեր եղբայրը՝ Հայկ Գաբոյանը, պատմեց, որ եղբոր ամենասիրելի զբաղմունքը ընթերցանությունն էր, չէր սիրում զուր վատնել ազատ ժամանակը, դրա փոխարեն կա րդում ու կարդում էր:

«Հատկապես ինստիտուտում սովորելու տարիներին էր շատ կարդում: Ծառայությանս ժամանակ ինձ էլ էր խորհուրդ տալիս կարդալ, մի բան անել, որը կյանքում դրական ազդեցություն կունենա, ասում էր՝ մասնագիտությանս զուգահեռ կհարստացնեմ գիտելիքներս: Առհասարակ խիստ հայացքներ ուներ, լուրջ մարդ էր ու ցանկացած հարցում դիմացինից էլ էր լուրջ մոտեցում սպասում: Ես նույնպես նրա մոտ միշտ փորձում էի ինձ լուրջ ու ճիշտ պահել: Փակ էր, շատ չէր սիրում խոսել, էմոցիաները շատ ժամանակ չէր էլ արտահայտում, նրան կարող էինք հասկանալ միայն դեմքին նայելով»,-հիշեց եղբայրը:

Արգիշտին սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ապա տեղափոխվել Արցախ: Զինվորական մթնոլորտում մեծացած տղան հստակ որոշել էր իր ուղին, որից ոչ մի կերպ հետ չէր կանգնելու:

«Շատ հայրենասեր էր: Կարծում եմ՝ հայրենասիրությունը սերմանվում է հենց ընտանիքում. երբ մեծանում ես սպայի, պատերազմի մասնակցի կողքին, նույնիսկ քեզանից անկախ քայլերդ ուղղվում են դեպի դա: Հայրս է սպա, մասնակցել է 90-ականների մարտերին»,-պատմում է Հայկ Գաբոյանը:

Ապրիլը ընտանիքի համար ծննդյան օրերով լի ամիս է: Արգիշտիի հայրիկի, քրոջ եւ եղբոր ծննդյան օրերը հենց ապրիլ ամսին են. ինչքան էլ նա զբաղված լիներ, պետք է անպայման զանգեր եւ շնորհավորեր:

«Ամսի երկուսին սպասում էինք Արգիշտիի զանգին, այդ ժամանակ հայրս էլ էր դիրքերում: Իմացանք, որ խոսել են իրար հետ: Ամսի չորսին նորից սպասում էինք, որ զանգի, ինձ շնորհավորի: Ես լավ գիտեի Արգիշտիի բնավորությունը, այդ իսկ պատճառով ինձ մոտ հարց առաջացավ՝ ինչու չզանգեց, բայց միեւնույն ժամանակ մտածում էի՝ ամեն դեպքում լարված իրադրություն է, միգուցե իրոք չի ստացվել: Երբ ամսի հինգին քրոջս չզանգեց, էլի սկսեցի այդ ուղղությամբ մտածել, արդեն մտահոգվել: Առհասարակ աշխատում էինք միշտ ճշտել՝ հարմար է զրուցել, թե չէ: Դե, զինվորական էր ու ամեն պահ չէինք կարող զանգել, բայց ես սկսեցի անընդհատ զանգել ու զանգել, արդեն պատրաստվում էի Թալիշ գնալ: Բարեկամներս իմացան այդ մտադրության մասին եւ այդպես……»,-ասաց հերոսի եղբայրը եւ հավելեց, որ Արգիշտիի ծննդյան օրը նշելու են Արցախում:

Ծառայակից ընկեր Արկադի Քոչարյանը, ով հերոսին ճանաչել է շուրջ 8 տարի, ասաց, որ Արգիշտին առանձնահատուկ հիացմունք էր տածում սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի հանդեպ, պատրաստվում էր նրա համար անկյուն ստեղծել:

«Շատ լավ մարդ էր, յուրահատուկ մոտեցումներ ուներ, ընկերասեր էր, օգնում էր բոլորին, իսկ ծառայության մեջ շատ լավ հրամանատար էր ու լավ ծառայակից ընկեր: Միասին նույն ինստիտուտում, նույն կուրսում ենք սովորել, ապա ավարտելուց հետո շուրջ երեք տարի միասին ենք ծառայել: Արգիշտին շատ լավ էր սովորում, արդեն չորրորդ կուրսում ազատ ելք ուներ, դա լավագույն սովորողներին են տրամադրում: Լավ ֆիզիկական հատկանիշներ ուներ, մրցույթների էր մասնակցում ու պատվոգրերի արժանանում»:

Երբ վերջին անգամ Արկադին խոսել է ընկերոջ հետ, Արգիշտին ասել է՝ իրավիճակը լարված է, քո դասակի հետ բարձրանում եմ դիրքեր:

«Այդ օրերին ես հոսպիտալում բուժվում էի: Այդ վերջին անգամը խոսեցինք ու դրանից հետո այլեւս չկարողացա կապվել: Արգիշտին էլ, հայ ազգն էլ եւս մեկ անգամ ապացուցեցին, որ թույլ չեն տա հակառակորդը ոտնձգություն կատարի սահմանների նկատմամբ, ամբողջ ազգով պատրաստ ենք մեր հողն ու սահմանը պահպանել»:

Ավագ լեյտենանտ Արգիշտի Գաբոյանը Թալիշում իր զինվորներին դիրքավորելուց հետո միայնակ առաջացել է դեպի հակառակորդի գրաված մարտական դիրքը, միայնակ հերոսական պայքար է մղել ու նահատակվել՝ փրկելով իր զինվորներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում