Գինեգործությունը վերածնունդ է ապրում. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ներկայացուցիչ

Գինեգործությունը վերածնունդ է ապրում. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ներկայացուցիչ

Վերջին տարիներին բավականին լուրջ փոփոխություններ են նկատվում գինեգործության ոլորտում, բավականին շատ ներդրողներ հետաքրքրված են Հայաստանում գինեգործական բիզնես սկսելու հարցում: Այս մասին մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենի ժ/պ Զարուհի Մուրադյանը: Նրա խոսքով` վերջին տարիներին Հայաստանում ստեղծվել են նոր այգիներ, գործարաններ, սակայն որակյալ գինու համար` խնդիրը որակյալ խաղողի ստացումն է:

«Ցավոք, Հայաստանում տարիներ շարունակ այգիներ են ստեղծվել կոնյակի արտադրության համար: Գինու խաղողի արտադրության համար ճիշտ այգու մշակությունն է բացակայում»,- ասաց նա:

Ըստ Մուրադյանի` եթե նախկինում արտադրվում էր մեր քիմքին վայել գինի, ապա այժմ կարողանում են արտադրել նաև եվրոպական գինու աշխարհին համահունչ գինիներ, որոնք հաջողություններ են արձանագրում տարբեր մրցույթներում:

«Մենք` գինեգործներս, ասում ենք, որ գինեգործությունը վերածնունդ է ապրում, քանի որ շատ արագ տեմպերով զարգանում է: Ծրագրեր ենք իրականացնում ստեղծելով նաև գինու ճանապարհներ, որ կարողանանք հրավիրել և ուշադրություն գրավել գինեսերների մոտ, քանի որ մենք ունենք ամենահին գինու գործարանը»,- ընդգծեց Մուրադյանը` ուրախությամբ նշելով, որ իրենց աջակցում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետի խոսքով` գինեգործական ոլորտի օրենսդրական կարգավորումներում խնդիրներ չկան:

«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին օրենքով արդեն սահմանված է աշխարհագրական նշումներով գինիների արտադրության պահանջները: Այստեղ խոչընդոտը միայն միկրոշրջանների սահմանների հաստատումն է, որի նախաձեռնությունը պետք է լինի գործարաններից, խաղողագործներից: Որևէ տարածքում աճող առանձնահատուկ որակական հատկանիշներ ունեցող խաղողի վերաբերյալ նրանք կարող են դիմել կառավարությանը: Այդ տարածքը կառավարության կողմից ֆիքսվում է և սկսվում է այդ տարածքում աշխարհագրական նշումով գինու արտադրությունը»,- ասաց նա` հավելելով, որ օրենսդրական դաշ տում այն կարգավորված է և այժմ այն իրականացման փուլում է:

Աշխարհագրական նշումով խաղողի գինին` համապատասխանում է դրա աշխարհագրական նշմանը, և արտադրությունն իրականացվում է տվյալ աշխարհագրական տարածքում (տարածաշրջանում, վայրում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում