Հայաստանում կստեղծվեն երկարակեցության աշխարհահռչակ կլինիկաների մասնաճյուղեր

Հայաստանում կստեղծվեն երկարակեցության աշխարհահռչակ կլինիկաների մասնաճյուղեր

Հայաստանում ընթանում է Հակածերացման բժշկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Առողջության քառյակ՝ ժամանակակից հակածերացման ռազմավարություն» թեմայով միջազգային գիտաժողով, որին մասնակցելու համար Երևան են այցելել արտասահմանյան ճանաչված բժիշկներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Երևանում արդեն 15 տարի գործող «Լիտե» էսթետիկական բժշկության կլինիկայի հիմնադիր-ղեկավար Մարինա Շատվորյան-Պառավյանին և Մոսկվայում պրոֆեսոր Կալինչենկոյի «Ընտանեկան զույգի` տղամարդու և կնոջ առողջության ու երկարակեցության կլինիկայի» սրտաբան Լեոնիդ Վորսլովին։ Բժիշկները նշել են, որ Հայաստանի արևը, ջուրը, օդը և սնունդն առավել բարենպաստ պայմաններ կարող են ապահ ովել երկարակեցության և հակածերացման ռազմավարության իրականացման համար։ Քննարկվել են ժամանակակից բժշկագիտության ընձեռած հնարավորությունները մարդկությանը հուզող խնդրի` երկարակեցության, լուծմանն ուղղված աշխարհի փորձը Հայաստանում ներդնելու մեխանիզմները։

Նախարարը մասնագետների հետ քննարկել է Հայաստանում «Դետոքս» և «Anti-Age» ճանաչված կլինիկաների ստեղծման հեռանկարները և այդ ուղղությամբ կանխատեսվող գործնական քայլերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերել շատ կարճ ժամանակում առաջիկա քայլերի ժամանակացույց կազմել Երևանում և Հայաստանի առողջարանային քաղաքներում ինչպես Կալինչենկոյի, այնպես էլ` կորեական, գերմանական և շվեյցարական կլինիկաների մասնաճյուղեր ու դուստր ձեռնարկություններ ստեղծելու նպատակով։ Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ դա կարող է խթանել Հայաստանում բժշկական տուր իզմի զարգացմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում