Սիրիայում բախումնազերծ գոտիներ ստեղծելը կարևոր ձեռքբերում է. արաբագետ

Սիրիայում բախումնազերծ գոտիներ ստեղծելը կարևոր ձեռքբերում է. արաբագետ

Սիրիայում բախումնազերծ գոտու ստեղծմանը կմասնակցեն Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանը: Արաբագետ Արմեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում իր կանխատեսումներն արեց, թե Սիրիայում, որ շրջանում կտրամադրվի բախումնազերծ գոտու վերահսկողություն: «Հիմնականում վերահսկողություն իրականացնելուց Հալեպում հնարավոր է լինի Իրանի, Իդլիբում` ամբողջապես Թուրքիայի և Լաթաքիայում՝ Ռուսաստանի մասնակցությունը»,-նկատեց նա:

Ընդհանուր առմամբ, գնահատելով ներկայումս Սիրիայում ընթացող զարգացումները՝ արաբագետը նշեց երեք կետ` հակաահաբեկչական պայքար, Ռուսաստանի առաջարկությամբ բախումնազերծ կամ միջազգային տերմինոլոգիայով ապաէսկալացիոն գոտիների ստեղծում և երրորդ գործընթացը, որը կարելի է պայմանավորել նաև երկրորդով` ներքին բախումները հակակառավարական տարբեր խմբավորումների միջև:

«Մայիսի 3-4-ն Աստանայում տեղի է ունեցել հերթական հանդիպումը սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև: Հանդիպում է եղել նաև 2016 թվականի տարեվերջին Սիրիայում հաստատված հրադադարի հիմնական միջնորդ կողմ հանդիսացող Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների միջև: Ամենակարևոր ձեռքբերումը կողմերի միջև բախումնազերծ գոտիներ ստեղծելու մասին պայմանավորվածությունն է, որն ուղղակիորեն ռուսական կողմի առաջարկությունն էր, նախաձեռնողն էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր: Հենց նրա հանձնարարությամբ ՌԴ Պաշտպանության նախարարությունն առաջ քաշեց այս նախագիծը»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ Սիրիայի 4 շրջաններում` Իդլիբ նահանգում, Դամասկոսի թաղամասերից մեկում, ալ-Կունայտրա և Դարա նահանգներում պետք է ստեղծվեն բախումնազերծ գոտիներ: Անցյալ տարեվերջին դարձյալ Ռուսաստանի միջնորդությամբ Սիրիայում հաստատվեց հարաբերական հրադադարի ռեժիմ: Հատկապես անցյալ ամսվա ընթացքում ԱՄՆ-ի կողմից սիրիական ռազմաբազայի հրթիռակոծումից հետո այս հրադադարի ռեժիմը աստիճանաբար դադարեցրել է իր ազդեցությունն ու նշանակությունը սիրիական հակամարտության շրջանակներում: Գործընթացը փրկելու և շատ ավելի ընդլայնելու համար Ռուսաստանի կողմի ց առաջ է քաշվել բախումնազերծ գոտու ստեղծման նախաձեռնությունը: Նախնական պայմանավորվածությունների համաձայն գործելու են երեք հիմնական արտաքին դերակատարները` Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան: ՌԴ կողմից շատ ակտիվ բանակցություններ են ընթանում այլ արտաքին դերակատարների ներգրավելու համար: Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ-ի մասին է, Հորդանանի, ինչպես նաև Պարսից ծոցի արաբական երկրների:

«Իմ խորին համոզմամբ ռուսական կողմը, հասկանալով, որ գործող ներկա դերակատարների միջոցով հնարավոր չէ պահպանել հրադադարի ռեժիմը կամ ստեղծել միջավայր սիրիական հակամարտության կարգավորման համար, առաջ է քաշում նոր ծրագիր, որում հնարավոր կլինի ներգրավել արտաքին դերակատարների շատ ավելի լայն շրջանակի»,- նշեց արաբագետը:

Սիրիայում զինադադարի երաշխավոր երկրների (ՌԴ, Իրան, Թուրքիա) ներկայացուցիչներն Աստանայի միջազգային բանակցությունների՝ մայիսի 4-ին կայացած հերթական փուլի ընթացքում հուշագիր են ստորագրել Սիրիայում անվտանգության չորս գոտիների ստեղծման վերաբերյալ: Հուշագրի համաձայն, մայիսի 6-ից այս գոտիներում կդադարեն բոլոր բախումները կառավարական զորքերի եւ զինված խմբավորումների միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում