AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի ուղերձը զինծառայողներին

 
 

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ուղերձ է հղել զինծառայողներին։ Times.am-ը ներկայացնում է պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքն ամբողջությամբ.

«Սիրելի՛ զինծառայողներ,

Մենք ամփոփում ենք տոնական շաբաթը, և վստահ եմ, որ Պաշտպանության նախարարից ակնկալում եք շնորհավորանքի խոսքեր լսել: Անշուշտ, ես միանում եմ բոլոր այն շնորհավորանքներին, որ հնչել են Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Սրանք մեծ, պատմական, կոթողային իրադարձություններ են, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր ներկային և ապագային:

Բայց տոնական այս շաբաթը ես ամփոփում եմ ցավի և խոր մտահոգության զգացումով: Մենք՝ բանակում, իսկ իրականում` մեր ողջ ժողովուրդը, ունեցանք չորս զինծառայողի կորուստ, որը ոչ միայն կարող էր չլինել, այլև պետք է չլիներ: Որոշեցի այս ձևով դիմել ձեզ` հաշվի առնելով, որ բոլորդ միասին զորամասերում դիտում եք «Զինուժ» ծրագիրը, և հուսով եմ՝ կկարողանամ Ձեզ հասցնել մեր ողջ ժողովրդի հորդորն ու խնդրանքը:

Անցնող շաբաթվա սկզբին դժվարին ծառայության բավականաչափ երկար ճանապարհ անցած ժամկետային երեք զինծառայողներ, խախտելով զինվորական կանոնադրությունների տարրական պահանջները վերցրել են իրենցից մեկին ամրագրված ծառայողական ավտոմեքենան և ինքնակամ լքել զորամասը: Առավոտյան տողանում զինծառայողների բացակայությունը նկատելուց հետո սկսված որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրանք ենթարկվել են ճանապարհատրանսպորտային պատահարի, որի հետևանքով մեքենան հայտնվել է ջրամբարում:

Երկրորդ ողբերգական դեպքը, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել մարտական հերթապահություն իրականացնող երկու զինվորների միջև ծագած վեճի արդյունքում` նրանցից մեկի կողմից հերթափոխի կանոնները խախտվելու շուրջ: Արդյունքը` ծառայակցի կողմից կրակոց` մահացու վիրավորման ելքով:

Եվս մի դեպք տեղի է ունեցել Երևանում, օրը ցերեկով: Իրականության հետ կապը կորցրած մի քանի զինծառայողներ, իրենց օրենքից վեր համարելով, վիճաբանության են բռնվել անսթափ վիճակում մեքենա վարելու համար իրենց կանգնեցրած ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ և սպային ու զինծառայողին անվայել վարք դրսևորել հանրային վայրում` մեր բազմաթիվ հայրենակիցների աչքի առջև:

Ինչու՞ եմ ես միավորում այս երեք դեպքերը: Պարզ պատճառով: Երեքն էլ մեր անփութության, անկարգապահության, անտեղի ինքնավստահության, մեր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունք են:

Իհարկե, երեք դեպքով էլ կատարվում են ծառայողական քննություններ, և ես խստագույնս պատժելու եմ այն հրամանատարներին, սպաներին, պատասխանա¬տուներին, ովքեր պետք է անհնար դարձնեին նման իրավիճակների առաջացումը:

Մեր կանոնադրությունները հենց այնպես չեն գրված: Մեր կանոնները ձևի համար չեն, մեր կարգապահությունը` ավելորդություն չէ:

Դուք բոլորդ մեծ, կարևոր, գուցե և ամենակարևոր գործն եք կատարում մեր Հայրենիքի համար: Հիշեք դա, և արեք այնպես, որ ժողովուրդը ոչ միայն սիրի ձեզ՝ որպես իր զավակների, այլև խորապես հարգի որպես ազգի պաշտպանների` հասկանալով, որ զինվորական լինել նշանակում է լինել կարգապահ, օրինապահ, ուժեղ:

Ուժեղ լինել չի նշանակում լինել անպատիժ: Ուժը բանակում անհրաժեշտ հատկանիշ է, բայց այն պետք է ուղղված լինի հակառակորդի, այլ ոչ թե յուրայինի դեմ: Ուժեղ մարդը երբեք այդ ուժը չի ցուցադրում իրենից թույլի, առավել ևս` իր ծառայակցի, իր պես համազգեստ կրողի նկատմամբ: Մի քանի հոգով չի հարձակվում մեկի վրա, չի ստեղծում իրավիճակ, որը կարող է վտանգել իրեն կամ իր մերձավորներին:

Իմ ուղերձի նպատակն է՝ դիմել յուրաքանչյուրիդ` հրամանատարից մինչև շարքային` խնդրելով հետամուտ լինել խոսքերիս: Ձեր պատասխանատվությունը մեծ է, Ձեզ այսօր շատ է տրված Հայրենիքը պաշտպանելու սրբազան պարտականության առումով: Իսկ ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում՝ ասված է Սուրբ գրքում:

Նշածս դեպքերի արդյունքում խամրեց չորս հայկական օջախների լույսը: Եվս մի քանիսը հայտնվելու են բուն ծառայությունից շեղող, զինծառայողի, հատկապես` սպայի կերպարին ոչ վայել երկարատև հարցաքննությունների, ծառայողական ուսումնասիրությունների, հնարավոր է նաև քրեական հետապնդման դաշտում: Միթե՞ դա այն գինն է, որ կարող ենք մեզ թույլ տալ ամենաթողության վայրկենական և թվացյալ հաճույքը վայլելու համար: Գերազանցած արագությունը, զորամասն ինքնակամ լքելը, հսկողության թուլացումը, զորամասի ներսում արտոնյալ կարգավիճակով զինծառայողների առկայությունը, մարտական հերթապահություն իրականացնող զինակից ընկերոջ սխալին վիրավորանքով արձագանքելը` սրանք բոլորը կարող են և այս շաբաթվա դեպքերի պարագայում վերածվեցին անշրջելի, երկու դեպքում` ողբերգական իրողության:

Մեր ժողովրդի համար Հայրենիքի պաշտպանությունը սրբազան առաքելություն է: Դուք` այդ առաքելության կրողներն եք: Ուրեմն այդ ճանապարհին պարտավոր ենք լինել ազնիվ և խոհեմ:

Երբ մենք խոսում ենք երկրում առկա արատավոր երևույթների մասին` պետք է գիտակցենք, որ ամեն մեծ հանցագործություն հետևանք է նույնատեսակ հարյուրավոր մանր և միջին զանցանքների և անսկզբունքայնության դրսևորումների: Մենք պարտավոր ենք վերացնել այդ երևույթները մեր անմիջական շրջապատում` թույլ չտալով, որ դրանք բազմանան և մեծանան` վտանգելով մեր ազգային գոյը:

Դուք ամեն օր կանգնած եք կարևորագույն խնդիրները մեծ դժվարությունների գնով կատարելու մարտահրավերի առջև: Հակառակորդը ջանք չի խնայում մեր ընտանիքներին, ողջ հասարակությանը ցավ պատճառելու համար: Ուրեմն պետք է լինենք շրջահայաց և չավելացնենք այդ վտանգներին նորերը: Հիշեք, որ բանակում տեղի ունեցող ամեն մի պատահար, ամեն մի դեպք մեծ ցավ է պատճառում մեր ողջ ժողովրդին, իսկ երկարատև առումով նաև խաթարում է բանակի նկատմամբ հասարակության վստահությունը: Դա կարող է թուլացնել մեզ, հեռացնել Ազգ-բանակ լինելու հրամայականից, դրդել մարդկանց խուսափելու պատվաբեր զինվորական ծառայությունից:

Ցանկացած գայթակղության առերեսվելիս՝ հիշեք ձեր ծնողներին, ընկերներին, հարազատներին, հրամանատարներին, համածառայակիցներին, ձեր սիրած էակներին և մտապահեք, որ նույնիսկ աննշան թվացող սխալը բանակի պարագայում կարող է ճակատագրական դառնալ:

Խստորեն պահպանեք անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարեք ձեր հրամանատարների հրահանգները, հարգեք ձեր ծառայակից ընկերներին, և ծառայությունը կանցնի առավելապես անվտանգ և մեծ օգուտ կբերի ձեր իսկ ամրապնդվելու, քաղաքացիական հասունացման, հասարակության արժանի զավակ դառնալու ճանապարհին:

Հիշեք նաև, որ կյանքում չկան անելանելի իրավիճակներ: Անգամ ամենաբարդ խնդիրը լուծում ունի, իսկ այն, ինչ այս պահին ձեզ անելանելի է թվում, ընդամենը օրեր, շաբաթներ անց կդառնա աննշան և երկրորդական: Ձեր շուրջը միշտ կան մարդիկ, ում հետ կարող եք կիսվել, պատմել Ձեզ անհանգստացնող խնդիրների մասին` ձեր հրամանատարները, գնդերեցները, զինվորական հոգեբանները: Եթե չեք գտնում այդպիսի մարդկանց, պատմեք իրավիճակի մասին ձեր ծնողներին, ընկերներին, զանգահարեք Պաշտպանության նախարարության 1-28 թեժ գիծ, կամ դիմեք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Բանակում կան ուրույն կանոններ և սովորույթներ: Դրանք ձևավորվում են ամենատարբեր իրողությունների համադրման արդյունքում: Հարգեք դրանք: Բայց եթե դրանց մեջ տեսնում եք Ձեր արժանապատվությունը կամ ինքնասիրությունը վտանգող երևույթներ, մի վարանեք վստահորեն և անհապաղ վերադաս ղեկավարությանը Ձեր մտահոգությունների մասին պատմելու հարցում:

Դուք այսօր կատարում եք աշխատանք, որից կախված է Ձեր ծնողների, հարազատների, սիրելիների, ընկերների, մեր ողջ ժողովրդի անվտանգությունը: Ուրեմն կատարենք այդ աշխատանքը մեծագույն պատասխանատվությամբ և արժանապատվությամբ: Նվաստացնելով ձեր զինակից ընկերոջը, ծաղրելով թույլին, դրդելով նրան ծայրահեղությունների, դուք ուղիղ հարված եք հասցնում մեր անվտանգությանը, ուրախացնում հակառակորդին, հիասթափեցնում մեր հասարակությանը:
Սիրելի՛ հրամանատարներ, դուք մեր հասարակության այն ուժեղագույն մասն եք, որ Հայրենիքի պաշտպանությունը դարձրել է ողջ կյանքի առաքելություն: Ձեր գերակշիռ մեծամասնությունը անցել է պատերազմի դժվարին փորձություններով և դարձել մեր ազգային ոգու և սխրանքի խորհրդանիշ:

Դուք գիտեք, որ ժողովուրդը ձեզ է վստահել իր զավակներին: Լավագույններին, ամենաարժանավորներին: Վստահ եմ, որ գիտեք, որ հոգատար պետք է լինեք նրանց հետ, պետք է խստագույնս բացառեք «արտոնյալների» առկայությունը, ովքեր մի օր հենց Ձեզ կանգենցնելու են ծանրագույն խնդիրների առջև: Խստապահանջ եղեք Ձեր ավելի քիչ փորձ կամ հմտություններ ունեցող գործընկերների նկատմամբ, և եթե նկատում եք սպայի պատվին անվայել դրսևորում Ձեր կողքին` անպայման ընկերական զրույցի, իսկ եթե դա չի օգնում` նաև խիստ կանոնակարգված ընթացակարգերի միջոցով կանխեք դա:
Գիտեք նաև, որ անարդարությունը, անփութությունը, անտարբերբերությունը կարող են հեշտությամբ խաթարել երիտասարդի հավատը հրամանատարության, ինչո՞ւ չէ՝ նաև պետության հանդեպ: Զինվորը, որը վախենում է իր հրամանատարից, վախենալու է նաև հակառակորդից: Հարգեք և մեծարեք զինվորին, ձեր օրինակով ցույց տվեք ճիշտ ուղին, եղեք ոչ միայն հրամանատար, այլև առաջնորդ, մանկավարժ և ավագ ընկեր, և զինվորն ինքը հաճույքով կհետևի ձեր օրինակին:

Շնորհակալ եմ բոլորիդ` ուշադրության համար: Խնդրում եմ ձեր առաջիկա պարապմունքների, սպայական և սերժանտական խորհրդակցությունների ժամանակ քննարկել այս ուղերձը և կատարել անհրաժեշտ հետևություններ:

Բարի ծառայություն բոլորիդ»:

Լրահոս
Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում ընդգրկված է 20 հարց Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից Շատ չխմեք, մեքենաները լավ կվարեք. ԿԳ նախարարը Փարիզից ողջույնի խոսք է հղել շրջանավարտներին Պարգևատրվել են ինքնասպանության փորձերը կանխած ԱԻՆ փրկարարները Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սլովակիայի Հանրապետություն «168 Ժամ». Վերին Լարսին այլընտրանք է նշմարվում «Ժողովուրդ». Բյուջեից միջոցներ նորաստեղծ ԲԴԽ-ին՝ մեքենաներ գնելու համար «Ժողովուրդ». Ֆելիքս Ցոլակյանի և Շիրակ Թորոսյանի հարցով ՀՀԿ-ում քննարկում եղել է, բայց որոշում չի կայացվել «Ժամանակ». Կտրուկ նվազել են Հայաստան մտնող բեռնատարների քանակը «Առավոտ». Մի հսկայական կանաչ գոտի էլ կզոհաբերվի հանուն մի շքեղ շինության «Ժամանակ». Օրենսդրական փոփոխություններ 13 մլրդ դրամի զիջման համար «Ժամանակ». Բոլորը դեպի ԲՀԿ «Հրապարակ». Հանրաքվեով կփորձեն հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը «Հրապարակ». Իշխանության վերնախավում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին «Հրապարակ». ԱԻՆ ՓԾ-ում ստուգումներ են անցկացվում «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային լուրջ սով է եղել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 24 Իսրայելի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծը քննարկելու է մայիսի 30-ին Հայաստանի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը կառավարության ուշադրության կենտրոնում է. Փաշինյան Հայաստանն այս պահին Իրանի հետ բանակցություններ չի վարում գազ գնելու հարցով ՏՏ ոլորտի խնդիրն է՝ մի քանի տարի հետո բանակում օգտագործվող զենքի առնվազն 80 տոկոսն արտադրել տեղում. Կարեն Վարդանյան Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարց այս պահին չի քննարկվում. նախարար Փաշինյանը հավաստիացնում է, որ Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով Ոստիկանությունը երեք արագաչափի գողության փաստ է արձանագրել Փաշինյանը հույս ունի, որ ԵՄ անդամ երկրները հնարավորինս արագ կվավերացնեն ՀՀ-ի հետ համաձայնագիրը Արցախի նախագահն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը Փաշինյանը հանձնարարել է լուծել բանակում սննդի և հագուստի որոշ պարագաների որակի խնդիրները Դավիթ Տոնոյանը ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը տեսնում է աշնանը Առողջապահության նախարարը հորդորում է բժիշկներին խուսափել անհարկի կրկնակի հետազոտություններից ՀՀ ՊՆ և ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժությունների կազմակերպման շտաբային բանակցություններին Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին «Դուրս եմ եկել և այդ կազմակերպության հետ որևէ կապ չեմ ունեցել». ՀՀ նախագահը՝ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր կապի մասին Ալեն Սիմոնյանն իր պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը չի քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գերմանիան պատրաստակամ է քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ Արցախում առաջին անգամ իրականացվել է ստորին վերջույթների զարկերակների ինտերվենցիոն միջամտություններ Զեյնալյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է վստահելի խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն ուղղված հարցեր ՏՏ ոլորտն անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկ է. ՀՀ վարչապետ Կոռուպցիոն հանցագործությունների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ Ալեն Սիմոնյանը ևս 7 օր շարունակելու է պատգամավոր մնալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan