Գալուստ Սահակյանը քվեարկեց հանուն մայրաքաղաքի

Գալուստ Սահակյանը քվեարկեց հանուն մայրաքաղաքի

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Երևանի Պ. Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 06/01 ընտրատեղամասում քվեարկեց հանուն մայրաքաղաքի:

Լրագրողների հետ ճեպազրույցում նա շատ բարձր գնահատեց Տարոն Մարգարյանի կատարած աշխատանքը:

«Ես կարծում եմ, որ վերջին տարիներին Տարոն Մարգարյանը շատ լավ է աշխատել, և Երևան քաղաքը նույնիսկ կոմունիստների ժամանակ այս տեսքը չի ունեցել: Ես էլ այսօր քվեարկեցի հանուն մեր մայրաքաղաքի»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

Գալուստ Սահակյանը կարծում է, որ ոչ միայն Տարոն Մարգարյանը, այլև այն քաղաքական թիմը, որը նա է ներկայացնում, շատ մեծ աշխատանք է իրականացրել մայրաքաղաքի կյանքի բարելավման ուղղությամբ:

«Երբեմն նայում են և ինչ-որ մի տեղ «զիբիլ» են ման գալիս, ցույց են տալիս ու ասում, որ քաղաքը կեղտոտ է: Բայց պետք է նայել, թե քանի կիլոմետր է ձգվում քաղաքը և ինչպիսի ազգաբնակչություն ունի»,- ասաց Սահակյանը:

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է ժամը 08:00-ից: Մայրաքաղաքի 474 ընտրական տեղամասերում քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո տարածքային ընտրական հանձնաժողովներում կսկսվի ձայների հաշվարկը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ելք» կուսակցությունների դաշինքը: Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուն` Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում