Երևանի ավագանու ընտրությունների բոլոր տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ. Տիգրան Մուկուչյան

Երևանի ավագանու ընտրությունների բոլոր տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ. Տիգրան Մուկուչյան

Երևանի ավագանու ընտրությունների համար բացված բոլոր 474 տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ, տեխնիկական սարքավորումներն անխափան աշխատում են: Մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Սահմանված կարգով առավոտյան ժամը 8-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը: Բոլոր տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ, տեխնիկական սարքա վորումներն անխափան աշխատում են»,- նշեց Մուկուչյանը:

ՀՀ ԿԸՀ նախագահը հիշեցրեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են երկու կուսակցություն՝ ՀՀԿ-ն և «Երկիր ծիրանի»-ն և մեկ կուսակցությունների դաշինք՝ «Ելք»-ը: «Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է ավագանու 308 թեկնածու, որից 98-ը կին է»,- հայտնեց Մուկուչյանը:

Նա նաև հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացնում տեղական 17 կազմակերպություն՝ 5 հազարից ավելի դիտորդներով, և մեկ միջազգային կազմակերպություն 10 դիտորդներով:

Ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է 32 տեղական և երեք միջազգային լրատվամիջոց: Ընդհանուր առմամբ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 476 լրագրող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում