Փոստանջյանը ներխուժել է ՀՀԿ-ի Ավանի նախընտրական շտաբ. ՀՀԿ-ն կոչ է անում չստվերել ընտրական գործընթացը

Փոստանջյանը ներխուժել է ՀՀԿ-ի Ավանի նախընտրական շտաբ. ՀՀԿ-ն կոչ է անում չստվերել ընտրական գործընթացը

Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը ներխուժել է Ավան վարչական շրջանում ՀՀԿ նախընտրական շտաբերից մեկը և չի ենթարկվում ոստիկանության ծառայողների պահանջին՝ դուրս գալ շտաբից, որպեսզի իրավապահները կարողանան իրականացնել Փոստանջյանի՝ հաղորդման մեջ հնչած մեղադրանքները ստուգող գործողություններ: Փոստանջյանը նշում է, որ շտաբ մտնելիս նկատել է, որ աշխատակիցները դարակում պահել են ցուցակներ, որոնք, ըստ թեկնածուի, ընտրակաշառքների ցուցակներ են:

Միաժամանակ, ՀՀԿ շտաբի աշխատակիցը պնդում է, որ Փոստանջյանը և նրան ուղեկցող անձինք քաշքշել են իրեն և պատռել վերնազգեստը, կոտրել իր բաժակը:

Ոստիկանության աշխատակիցները ձեռքերի վրա բռնած Փոստանջյանին դուրս են բերել շտաբից՝ նշելով, որ նա խանգարում է անհրաժեշտ գործողությունների իրականացմանը:

ՀՀԿ նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել կատարվածի առնչությամբ: «Շարունակվում են Երևան քաղաքի ավագանու ընտրությունները: Օգտվելով առիթից շնորհակալություն ենք հայտնում իրենց քաղաքացիական պարտքը կատարող մեր համաքաղաքացիներին:

Վստահ ենք, որ մրցակցային և հագեցած քարոզարշավի շնորհիվ երևանցիները ծանոթացան բոլոր մասնակիցների ծրագրերին և ունեն գիտակցված ու ազատ ընտրություն անելու բոլոր հնարավորությունները:

Միաժամանակ հորդորում ենք մեր մրցակիցներին զերծ մնալ ՀՀԿ շտաբերի բնականոն գործունեությունը խոչընդոտելու քայլերից, խստորեն դատապարտում ենք բանսարկությունների, ցուցադրական ակցիաների միջոցով ընտրական գործընթացը ստվերելու փորձերը, իրավապահ մարմիններին կոչ ենք անում շարունակական ջանքեր գործադրել ընտրությունների օրինական ընթացքը ապահովելու համար, իսկ լրատվական միջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ցուցաբերել անաչառ և անկողմնակալ վերաբերմունք»,-նշված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում