Զարուհի Փոստանջյանի և ոստիկանների միջև միջադեպի տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի տեսադաշտում է

Զարուհի Փոստանջյանի և ոստիկանների միջև միջադեպի տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի տեսադաշտում է

Հայաստանի Հանրապետական կուսակցության` Ավան վարչական շրջանում գտնվող շտաբերից մեկում քաղաքապետի թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ոստիկանների միջև միջադեպի տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի տեսադաշտում է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննու թյան վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանը:

«Աշխատանքային խումբն օնլայն ռեժիմով դիտարկել է այդ տեսանյութը: Դրա հետ կապված այս պահին ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացու կողմից տրվել է համապատասխան հաղորդում: Այդ տեսանյութի հետ կապված ստուգողական համապատասխան գործողություններ կատարելուց հետո նոր իրավական գնահատականի մասին կկարողանանք խոսել: Այս պահին վաղ է իրավական հարթության մեջ դատողություններ անելու համար: Երբ կնախապատրաստվեն նյութեր, ձեռք կբերվեն որոշակի փաստական տվյալներ, դրանց համակցության արդյունքում հնարավոր կլինի իրավական գնահատականներ հնչեցնել,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Հարցին՝ կարո՞ղ է ոստիկանությունը քաղաքապետի թեկնածուի, Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ բռնություն կիրառել, Սևակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես այնտեղ բռնի ուժի ականատես չեմ եղել: Ոստիկանության գործողությունները իրավաչափ էին: Այն, ինչ տեղի ունեցավ այդտեղ, կապված շտաբում գտնվելու իրավունք չունեցող անձին դուրս հրավիրելու հետ, քրեական դատավարության օրենսդրության տեսանկյունից իրավաչափ էր»:

Դիտարկմանը, թե խոսքը ոչ թե Փոստանջյանին շտաբից դուրս հրավիրելու, այլ բերման ենթարկելու փորձի մասին է, Սևակ Հովհաննիսյանը հստակեցրեց, որ Զարուհի Փոստանջյանը բերման չի ենթարկվել, ինչը հստակ երևում է նաև տեսանյութում: «Եթե դուք մինչև վերջ նայել եք տեսանյութը, ապա տեսած կլինեք, որ թեկնածուն բերման չի ենթարկվում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում