Երևանի ավագանու ընտրություններին ընտրատեղամասերում տեսանկարահանում օրենքով նախատեսված չի եղել. ԿԸՀ նախագահ

Երևանի ավագանու ընտրություններին ընտրատեղամասերում տեսանկարահանում օրենքով նախատեսված չի եղել. ԿԸՀ նախագահ

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեսանկարահանումն ընդհանրապես օրենքով նախատեսված չի եղել, սակայն ԿԸՀ-ն նախապես հայտարարել էր, որ այն իրականացվելու է և լինելու է լրացուցիչ գործիք, որպեսզի առավելագույնս ապահովի թափանցիկությունը: Այս մասին քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«474 տեղամասերում ընթանում է քվեարկության գործընթացի տեսանկարահանում, և հնարավոր են ինչ-ինչ խնդիրներ, քանի որ ցանկացած պարագայում, երբ մենք գործ ունենք տեխնիկական սարքերի կիրառման հետ, կարող են լինել նաև տեխնիկական խնդիրներ: Բայց պետք է նկատի ունենանք, որ տեսախցիկները նախ լրացուցիչ գործիքներ են, քանի որ տեղամասային կենտրոններում թեկնածուները կարող են ունենալ իրենց վստահված անձինք, դիտորդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, վերջին հաշվով` նաև բազմակուսակցական հանձնաժողովի անդամներ, որոնք այդ ամենը կազմակերպում են: Անգամ, եթե խոսք է գնում խափանումների մասին, ապա դրանք որոշակի րոպեների ընթացքում են լինում: Մասնագետներն ամբողջ ընթացքում հետևում են, եթե նման խնդիրներ են առաջանում, անմիջապես հեռացնում են դրանք: Դրանով պայմանավորված անել ինչ-ինչ դատողություններ, մեղմ ասած, և տարօրինակ է, և անընկալելի»,-ասաց նա:

Անդրադառնալով քվեարկության ընթացքին` Մուկուչյանը նշեց, որ առավոտվանից ուղիղ հեռարձակմամբ են հետևում Երևան քաղաքում քվեարկության կազմակերպման ընթացքին և ահազանգերի վերաբերյալ փորձում են հանգամանքներ ճշգրտել:

«Ըստ էության, կարող են արձանագրել, որ այս պահի դրությամբ քվեարկությունն ընթանում է լիարժեք և բնականոն հունով»,-հավելեց ԿԸՀ նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում