Թուրք մտավորականները պահանջում են վերացնել երկրում հայտարարված արտակարգ դրությունը

Թուրք մտավորականները պահանջում են վերացնել երկրում հայտարարված արտակարգ դրությունը

Թուրքիայում մի խումբ մտավորականներ հանդես են եկել կոչով՝ հորդորելով երկրում վերացնել մի քանի ամիս շարունակվող արտակարգ դրությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ»-ը:

Մտավորականներն ընդգծել են, որ մտահոգված են երկրում տիրող թեժ մթնոլորտով, ատելության լեզվով, օրենքների խախտումներով, իրավունքների իրացման ազատության սահմանափակմամբ, կյանքի և ունեցվածքի ապահովության պակասով:

«Մենք ոչ ենք ասում մեկ մարդու ռեժիմին, անարդարությանը և անիրավությանը, ցանկացած ընդդիմադիր գործչի նկատմամբ գործադրվող ճնշմանը և սպառնալիքներին, հարյուր հազարավոր հանրային աշխատողների, քաղաքական գործիչների, ակադեմիկոսների, լրատվամիջոցների ու դատական համակարգի ներկայացուցիչների անիրավ, անօրեն, կամայական ազատումներին»,- ասվում է մտավորականների հայտարարության մեջ:

Նրանք ևս մեկ անգամ ընդգծել են, որ չեն ճանաչում ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Մտավորականները հայտնել են, որ նորից անվտանգ պայմաններում ապրելու համար անհրաժեշտ է հրատապ կերպով վերացնել իրավական խախտումների հանգեցրած արտակարգ դրությունը:

Հայտարարությունը ստորագրել են իրավապաշտպան Աքըն Բիրդալը, գրող, հրապարակախոս Բասքըն Օրանը, նախկին պատգամավոր Բիննազ Թոփրաքը, գրող, լրագրող Լևենթ Գյուլթեքինը, նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը և այլոք:

Թուրքիայում արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 20-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 11-ին, ապա նաև հունվարի 3-ին երկարաձգվել էր 90-ական օրով: Թուրքիայի ազգային մեծ ժողովը ապրիլի 18-ի երեկոյան որոշում է կայացրել հավանություն տալ երկրում արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարաձգելու որոշմանը:

Իշխանություններն արտակարգ դրության անհրաժեշտությունը պայմանավորում են ահաբեկչական խմբավորումների հետ պայքարելու հրամայականով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում