Կատարահայ գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներով

Կատարահայ գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներով

Կատարահայ գործարարները պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն ցանկանում են ավելի մանրամասն ծանոթանալ բիզնես ոլորտում երկրի օրենսդրությանն ու հնարավորություններին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում կատարահայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպեց և վերջիններիս Հայաստանի ներդրումային հնարավորությունները ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Կատարահայ գործարար Արսեն Հալաջյանն արդեն շուրջ հիսուն տարի է բնակվում են Կատարում, ունի իր անձնական ընկերությունը, որը զբաղվում է զանազան ապրանքանշանների, բրենդների ինչպես դիզայնով, այնպես էլ ցուցանակների պատրաստմամբ: «Առիթ է ստեղծվել, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները մեզ ավելի մանրամասն ներկայացնեն երկրի օրենքները: Եթե ունեն քայլերի ցանկ, որն անհրաժեշտ է գործարարին Հայաստանում բիզնես սկսելու համար, դա շատ լավ կլինի, որպեսզի իմանանք, թե որտեղից պետք է սկսել, որտեղ վերջացնել»,- նշում է Հալաջյանը:

Նրա խոսքով` իրենց մոտ Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն միշտ կա: «Այնպես չէ, որ հենց հիմա նոր է առաջացել այդ ցանկությունը, սակայն պետք է իմանանք, թե ինչ պայմաններ կան օրինակ այն անձանց համար, ովքեր ունեն Հայաստանի քաղաքացիություն և այն սփյուռքահայերի համար, ովքեր` չունեն: Մենք իհարկե, ավելի լավ ծանոթ ենք Ծոցի երկրներում պայմանների հետ, սակայն պետք է իմանանք նաև Հայաստանի վերաբերյալ: Եթե կառավարությունն ունի կոնկրետ կետերով կազմված նման ծրագիր և կարող է դեսպանատան միջոցով բաժանել սփյուռքում, ապա կկարողանանք նստել, հասկանալ, պատկերացնել այն դրամագլուխը, որ անհրաժեշտ է գործ սկսելու համար»,- ընդգծեց կատարահայ գործարարը:

Արսեն Հալաջյանը, խոսելով իր արհեստի և գործունեության մասին, նշեց, որ ամեն ինչ տեղում է պատրաստվում և տեխնոլոգիան իրենք ունեն, որն էլ շարունակաբար թարմացնում են: Նա ցանկություն հայտնեց այդ նույն գործունեությունը ծավալել նաև Հայաստանում: Ըստ գործարարի` այս ոլորտում նույնիսկ ամենափոքր գործունեությունը կապահովի շուրջ 50 մարդու աշխատանքով:

Կատարահայ մեկ այլ գործարար` Վահե Թութունջյանն էլ, կնոջ` Գոհարի հետ զբաղվում է նախագծերի դիզայնով և շինարարությամբ: Այս ոլորտում գործունեություն են ծավալում Կատար տեղափոխվելուց ի վեր դեռևս 1977թ-ից: Նրանք կնոջ հետ արդեն իսկ հասցրել են Հայաստանում հիմնել Ճարտարապետների և ճարտարագետների ասոցիացիա և դառնալ դրա համանախագահները: Ասոցիացիան Հայաստանում գրանցված է որպես հասարակական կազմակերպություն:

«Տեղացի ժողովուրդը շատ հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելով, սակայն չգիտեն օրենքները, չգիտեն թե ինչպես պետք է անեն այդ քայլերը, ուստի շատ կարևոր է, որ ուղղություններ տրվեն նաև օտարներին: Դրանք պետք է լինեն հստակ և բիզնեսի համար անկեղծ հիմքի վրա»,- նշում է Թութունջյանը: Նրա խոսքով` հետաքրքրություն կա Հայաստանում մոլեր ու բնակելի տարածքներ կառուցելու ուղղությամբ: «Շինարարությունն այնպիսի ոլորտ է, որ կարևորը շահն է: Եթե օտարը տեսնի, որ իսկապես կարող է շահ ապահովել և 5 կամ 15 տարուց կարող է իր փողը վերադարձնել, ապա վստահու թյունն էլ կավելանա այդ երկրի նկատմամբ և տվյալ անձը կարող է ներգրավել նաև իր ընկերներին և այսպես շարունակ»,- ամփոփեց Վահե Թութունջյանը:

Կատարում ապրում է շուրջ 600 հայ, որոնք հիմնականում բնակ­վում են Դոհայում: Համայնքի թիվը փոփոխական է, կապված աշխատուժի մշտական տեղաշարժերի հետ: Կատարում հայ մասնա­գետները հիմնականում ներգրավված են առողջապահության, սպորտի և այլ բնագավառներում: Ներկայումս Կատարում աշխատում են հայաստանցի մոտ հինգ տասնյակի հասնող մասնագետներ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել նաև կատարահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում