Եզդիները համաձայն չեն դպրոցների օպտիմալացման պատճառով իրենց աղջիկներին դպրոց ուղարկել մեկ այլ գյուղում

Եզդիները համաձայն չեն դպրոցների օպտիմալացման պատճառով իրենց աղջիկներին դպրոց ուղարկել մեկ այլ գյուղում

Եզդիական ազգաբնակչությունը դեմ է Հայաստանում դպրոցների օպտիմալացմանը։

«Եզդիների ազգային միություն» ՀԿ նախագահ Ազիզ Թամոյանը, խոսելով Հայաստանում ազգային փոքրամասնությունների կրթության շուրջ ծագած խնդիրների մասին, ասաց, որ դպրոցների օպտիմալացման պարագայում շատ կտուժեն եզդի դպրոցականները։

«Ամբողջ աշխարհում եզդիների թիվը մոտ երեք միլիոն է, իսկ Հայաստանում՝ համաձայն վերջին մարդահամարի տվյալների ապրում են մոտ քառասուն հազար։ Նրանցից մո տ 3000-ը աշակերտներ են։ Մենք Հայաստանում դպրոցներ, դասագրքեր, մեկժամյա ռադիոհաղորդում, ազգային թերթ ունենք։ Մենք խնդրում ենք եզդիների դեպքում չանել դպրոցների օպտիմալացում»,- նշեց Թամոյանը և հավելեց, որ հատկապես կտուժեն եզդի դպրոցականները։

Նրա խոսքով` այդ պարագայում կարող են տուժել նաև ուսուցիչները և, ընդհանրապես, եզդի ազգաբնակչությունը։ Ազիզ Թամոյանը շեշտեց, որ հատկապես եզդի աղջիկների դեպքում խնդիրն ավելի է բարդանալու, առանց այդ էլ նրանց այնքան էլ մեծ ցանկությամբ չեն ուղարկում դպրոց։

«Գյուղից գյուղ, որն իրենց համար անծանոթ է և գուցե հեռու՝ եզդի ժողովուրդն իր աղջիկ երեխաներին դպրոց չի ուղարկի, բացառված է։ Նույնը վերաբերում է նաև ուսուցիչներին՝ նրանք անգործ կմնան։ Այս դեպքում և՛ ուսուցիչները, և՛ այդ ընտանիքները, բնականաբար, ստիպված կարտագաղթեն»,- ասաց «Եզդիների ազգային միություն» ՀԿ նախագահը։

Նրանք, հանրապետության ղեկավարությանը դիմելով, առաջարկում են եզդիաբնակ գյուղերի դպրոցները հնարավորության սահմաններում չօպտիմալացնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում