«Մեր ծրագրերն ուղղված են Հայաստանի առողջապահության ոլորտը զարգացնելուն». Լևոն Ալթունյան

«Մեր ծրագրերն ուղղված են Հայաստանի առողջապահության ոլորտը զարգացնելուն».
Լևոն Ալթունյան

«Վերջին յոթ ամսում նախարարությունը ձեռնամուխ է եղել մի շարք ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, որոնց նպատակն է ավելի զարգացնել Հայաստանի առողջապահության ոլորտը, ավելացնել բնակչության առողջ տարիների և ակտիվ կյանքի տևողությունը»,-այսօր կայացած հաշվետու ասուլիսի ժամանակ ասել է Լևոն Ալթունյանը։

Ներկայացնելով կառուցվածքային բարեփոխումներին ուղղված ծրագրերը` նախարարը, մասնավորապես, նշել է մոտ ապագայում Բերդի և Վարդենիսի բժշկական կենտրոնների հարևանությամբ գտնվող զինվորական հոսպիտալներին միավորվելու մասին։ Դրա արդյունքում տվյալ մարզերում կբարելավվի առողջության պահպանության և բժշկական ծառայությունների որակը:

Միաժամանակ կվերազինվեն առանձին հիվանդանոցներ, իսկ մի մասն էլ կփակվեն։ Դրանց փոխարեն հանրապետությունում կզարգանան պալիատիվ բուժօգնության և տարեցների խնամքի կենտրոնները, որտեղ էլ կաշխատեն վերապատրաստված բուժաշխատողները։

«Այս ծրագիրը ոչ միայն ներքին շուկան հագեցնելու, այլև բժշկական տուրիզմը զարգացնելու ուղվածություն ունի»,-նշել է նախարար Ալթունյանը։

Անդրադառնալով բժշկական օգնության որակի բարելավմանն ուղղված քայլերին` Լևոն Ալթունյանը նշել է, որ օտարերկրյա առաջադեմ փորձի հիման վրա թարգմանվում ու տեղայնացվում են կլինիկական ուղեցույցներ և պացիենտի վարման գործելակարգեր։ 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կներդրվի 200 ուղեցույց, 100 գործելակարգ և ընթացակարգ։ Ապահովելով աշխատանքի շարունակականությունը` 2021թ. համակարգում կներդրվի 1000 ուղեցույց, 350 գործելակարգ և 600 ընթացակարգ։

«Այս ծրագրի նպատակներից մեկն էլ մարզերում իրականացվող բժշկական օգնության մակարդակը Երևանի առաջատար կլինիկաներին մոտեցնելն է»,- ասել է նախարարը։

Լևոն Ալթունյանն անդրադարձել է նաև ոլորտի ֆինանսավորման և ֆինանսական վերահսկողության բարելավման, պետական բյուջեից հատկացվող միջոցների առավել նպատակային և հասցեական ծախսման հարցերին։

«Ակնհայտ է, որ առողջապահության ոլորտում կա ստվերային շրջանառություն, և մեր խնդիրն է այն բերել օրինական դաշտ»,-ասել է Լևոն Ալթունյանը` անդրադառնալով դրա լուծման քայլերին։ Նախարարությունում այսօր վերանայվում են գնագոյացման մեխանիզմները բուժման գներն իրականին մոտեցնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց կստեղծվի նաև համավճարի իրատեսական համակարգ։

«Քաղաքացին իմանալով բժշկական ծառայությունների իրական գները` կարող է ընտրություն կատարել` վճարել իր գրպանից, թե՞ կամավոր ապահովագրություն ձեռք բերել»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Նախարարն անդրադարձել է նաև բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրմանը։ Աշխարհի զարգացած 40 երկրում կայացած այս ինստիտուտը կարող է լրջորեն նպաստել պացիենտ-բժիշկ/բուժհաստատություն փոխհարաբերությունների ընթացքում ծագող վեճերի արագ և արդյունավետ քննության իրականացմանը։

Իր խոսքում նախարար Լևոն Ալթունյանն անդրադարձել է նաև բժիշկ-հիվանդ փոխադարձ հարգանքի և վստահության վերականգնմանը` դրանում կարևորելով լրատվամիջոցների դերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում