ՀՀ պետբյուջե մուտքագրված շրջանառության հարկն ավելացել է 17.5 տոկոսով

ՀՀ պետբյուջե մուտքագրված շրջանառության հարկն ավելացել է 17.5 տոկոսով

2017 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 4 մլրդ դրամ շրջանառության հարկ, ինչը կազմել է պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 1.6%-ը և 17.5%-ով կամ 595.8 մլն դրամով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, հաշվետու ժամանակահատվածում շուրջ 3.3 մլրդ դրամ են կազմել նպատակային սոցիալական վճարները՝ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 1.3%‑ը և 18.1%‑ով կամ 498 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 821.5 մլն դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 0.3%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 14.4%‑ով կամ 103.7 մլն դրամով:

2017 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 8.8 մլրդ դրամ բնապահպանական և բնօգտագործման վճարներ` կազմելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 3.4%-ը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 2.5 անգամ կամ 5.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյալթիի գծով մուտքերի աճով, որը կազմել է 6.3 մլրդ դրամ և 3.7 անգամ կամ 4.6 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում