Ժնևի համալսարանում Արիստոտելի աշխատանքների հայերեն թարգմանություններին նվիրված գիտաժողով է անցկացվել

Ժնևի համալսարանում Արիստոտելի աշխատանքների հայերեն թարգմանություններին նվիրված գիտաժողով է անցկացվել

Ժնևի համալսարանում մայիսի 12-13-ը տեղի ունեցավ «Արիստոտելը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին գիտաշխատողներ ինչպես Մատենադարանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ Հունաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի համալսարաններից և գիտական կենտրոններից։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գիտաժողովը նվիրված էր Արիստոտելի երկերի՝ հայկական վաղ միջնադարյան ուսումնասիրություններին և մեկնաբանություններին:

Գիտաժողովին իր բացման խոսքում Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը երախտագիտություն հայտնեց Ժնևի համալսարանին և, մասնավորապես, հայագիտության ամբիոնի ղեկավար Վալենտինա Կալցոլարիին գիտաժողովի կազմակերպան հարցում աջակցության, ինչպես նաև Հայոց պատմության, մշակույթի, լեզվի, քաղաքակրթության տարածմանն ու զարգացմանն ուղղված բազմամյա աշխատանքի համար։

Հասմիկ Տոլմաջյանն ընդգծեց, որ արիստոտելյան երկերի վաղ ուսումնասիրությունները վկայում են Հայաստանում անտիկ շրջանի հունական փիլիսոփայական մտքի և հելլենիստական մշակույթի լայն տարածուման, հայ-հունական սերտ առնչությունների, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում Հայաստանում առկա գիտական մտքի խորության և զարգացածության բարձր մակարդակի մասին։

Գիտաժողովի ավարտին մասնակիցներին ներկայացվեցին Դավիթ Անհաղթի կողմից Արիստոտելի երկերի հնգահատոր մեկնաբանությունների անգլերեն թարգմանության առաջին երեք հատորները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում