Հայաստանի խոշորացված համայնքներում մեկնարկել են ավելի քան 2.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերը

Հայաստանի խոշորացված համայնքներում մեկնարկել են ավելի քան 2.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերը

ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում և ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակի աջակցությամբ մի շարք խոշորացված համայնքներում արդեն մեկնարկել է շուրջ 2 մլն 580 հազար ԱՄՆ դոլարի տեխնիկական միջոցների և սարքավորումների տրամադրման գործընթացը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան և Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքներին տրամադրվել են կոմբայններ, ավտոգրեյդերներ, բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ, աղբատար մեքենաներ, ինքնաթափ բեռնատարներ և այլ տեխնիկական միջոցներ և սարքավորումներ:

Առաջիկայում համայնքները կստանան նաև այլ տեխնիկական միջոցներ, միկրոավտոբուսներ, բոլոր բնակավայրերում կկառուցվեն կանգառներ: Նախատեսվում է համայնքներում կառուցել տեխնիկայի սպասարկման կայանատեղիներ:

Ընդհանուր առմամբ, տեղական ինքնակառավարման բարեփոխումների ծրագրի շրջանակներում 2018 թվականի ընթացքում 18 խոշորացված համայնքները կստանան ավելի քան 11 մլն ԱՄՆ դոլար արժողության (ԱՄՆ-ՄԶԳ՝ 8 մլն 600 հազար դոլար և ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակ՝ 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար) առաջին անհրաժեշտության մեքենաներն ու տեխնիկական միջոցները:

Մնացած խոշորացված համայնքներում կազմակերպվել են մասնակցային հանդիպումներ և քննարկումներ, որոնց արդյունքում գույքագրվել են վերհանված կարիքներն ու խնդիրները:

ՏԿԶ նախարարությունում գործող փորձագիտական խմբի կողմից արդեն հաստատվել են Ուրցաձոր, Վայք, Զառիթափ, Գորհայք, Ջերմուկ, Մեղրի խոշորացված համայնքների՝ ընդհանուր առմամբ 2 մլն, 670 հազար ԱՄՆ դոլարի ծրագրերը: Գորիս, Տեղ, Նոյեմբերյան, Կողբ, Այրում, Ամասիա, Աշոցք, Սարապատ և Արփի միավորված համայնքների՝ 5 մլն, 950 հազար ԱՄՆ դոլար արժողության ծրագրային առաջարկները գտնվում են նախնական գնահատման փուլում:

Ներդրումային ծրագրերն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, իսկ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը համարվում է վերը նշված ծրագրերի իրականացման համակարգողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում