Մինչեւ տարեվերջ հանրապետության բոլոր մարզերում ներդրված կլինի պալիատիվ բուժօգնության տեսակ

Մինչեւ տարեվերջ հանրապետության բոլոր մարզերում ներդրված կլինի պալիատիվ բուժօգնության տեսակ

Բուժօգնության սպասարկման ծառայությունների մատուցման ոլորտում արմատական փոփոխությունների նախապայմաններից մեկը պրոտոկոլների ներդրման գործընթացն է, որով էապես տարբերություն է գրանցվելու մատուցվող ծառայությունների որակի մեջ: Լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյա նը:

«Մասնավորապես, աշխատանքներ են տարվում պալիատիվ բուժման ներդրման ուղղությամբ, ինչի համար կազմված աշխատացույցի համաձայն մինչեւ տարեվերջ հանրապետության բոլոր մարզերում պիտի ունենանք պալիատիվ բուժօգնության տեսակ եւ դրա ուղղությամբ գործունեություն ծավալող հաստատություն: Այսպես ևս որակյալ բուժօգնություն տրամադրելու հարց ենք լուծում»,-ասաց փոխնախարարը:

Սերգեյ Խաչատրյանը նաեւ տեղեկացրեց, որ իրականացվում է վակցինացիայի մեծածավալ ծրագիր, ինչն ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման մեծ հնարավորություն է տալիս:

«Այս տարի ներդնելու ենք նոր վակցինա պատվաստանյութ, որը արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման առավել արդյունավետ միջոցն է: Առողջապահական քաղաքականության առումով երկու խոշոր ծրագրերը ոչ վարակիչ հիվանդությունների բուժման եւ կանխարգելման գործընթացն է, ինչպես նաեւ վարակիչ հիվանդությունների կանխարգելման քաղաքականությունը, որում առաջիկայում նոր լուծումներ ու ձեւեր են լինելու»,-նշեց նա:

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հավելեց, որ հեպատիտ C հիվանդության բուժման մեջ օգտագործվող դեղորայքի արժեքը բավականին մեծ է. մի հիվանդի հաշվով 3 ամսվա կուրսը հասնում է 86 հազար դոլարի, որը բերում է 100 տոկոս բուժման:

«Հայաստանում ունենք շուրջ 2500 հիվանդ, որոնց 40 տոկոսը այս ծրագրի շրջանակում լիարժեք եւ վերջնական բուժում կստանա: Մնացած հիվանդների բուժման գործընթացները դեռ պարզվում են»,-եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում