Ֆրանսիայի կառավարությունը Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները

Ֆրանսիայի կառավարությունը Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Ադրբեջանի կառավարության կողմից մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների արգելափակման վերաբերյալ հայտարարությամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ֆրանսիան Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել հավատարիմ մնալ միջազգային պարտավորություններին, հարգանք ցուցաբերել տեղեկատվության և մամուլի ազատության նկատմամբ:

«Այդ ազատությունները քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման հիմքն են: Ֆրանսիան մոտիկից հետևում է Ադրբեջանի ԶԼՄ-երի վիճակին»,- ասված է հայտարարության մեջ:

Բաքվի Սաբաիլի շրջանի դատարանը մայիսի 12-ին կայացած նիստում բավարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության կողմից մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների ինտերնետային կայքերն արգելափակելու վերաբերյալ հայցը:

Դատարանի վճռով՝ արգելափակվել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, «Ազատություն» թերթի, «Թուրան» հեռուստաալիքի, «Ադրբեջանի ժամանակ» հեռուստահաղորդման և «Meydan tv»-ի ինտերնետային կայքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում