«Հրապարակ». Վարչապետն ու ԿԳՆ-ն վատ են վերաբերվում «Արարատյան բակալավրիատ» ծրագրին

«Հրապարակ». Վարչապետն ու ԿԳՆ-ն վատ են վերաբերվում «Արարատյան բակալավրիատ» ծրագրին

«Հրապարակ»-ը գրել է. «Անցած շաբաթ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել էր կրթության և գիտության նախարարություն։ Եվ, ի թիվս այլ հարցերի, արծարծվել է նաև «Այբ» դպրոցի մոգոնած «Արարատյան բակալավրիատ» կրթության գերազանցության ծրագրի թեման, որի համար բյուջեից 1 միլիարդ դրամ է հատկացվելու։ Որոշ տեղեկություններով, վարչապետն այս ծրագրից գոհ չէ, բայց գիտակցում է, որ ինչ-որ բան փոխելն ուշ է:

Բացի այդ, նախատեսված մեկ միլիարդի մոտ մեկ քառորդն արդեն փոխանցվել է, թեև հայտնի չէ, թե ինչի վրա է ծախսվել։ ԿԳՆ-ում վարչապետը հարցրել է՝ ով կողմ է այս ծրագրին, ով դրական է գնահատում, թող ձեռք բարձրացնի։ Եվ ստացել է ուշագրավ պատասխան։ Կրթության և գիտության նախարարության ողջ աշխատակազմից միակ ձեռք բարձրացնողը եղել է նորանշանակ փոխնախարար Դավիթ Սահակյանը, ով մինչ այդ «Այբ» դպրոցի գործադիր տնօրենն էր։ Հենց նա էլ զեկուցել է վարչապետին ծրագրի հետ կապված։ Տեսնելով «կողմ» ձայների քանակը, վարչապետը ոչինչ չի ասել, ինչը ներկաների մոտ տարատեսակ հետևությունների առիթ է տվել։

ՀՀ ԿԳՆ վարչության պետ Աշոտ Արշակյանը, որ ներկա է եղել այս հանդիպմանը, մեզ ասաց, որ նման դրվագ «չի նկատել»։ «Էս պահին ես նման բան չեմ հիշում»,- կմկմաց նա՝ ոչ հերքելով, ոչ հաստատելով մեր այս տեղեկությունը։ Ապա ավելացրեց․ «Ես որքան հիշում եմ էս պահին, վարչապետից հարցը եղել է, թե ինչ է տալու Արարատյան բակալավրիատը, լա՞վ է, թե՞ վատ է, ու էդ հարցերը զեկուցվել են մեր փոխնախարարի կողմից»։

Ի դեպ, այն, որ ԿԳՆ-ում վատ են վերաբերվում Արարատյան բակալավրիատին, առանձնապես չեն էլ թաքցնում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում