Վենեսուելայի նախագահը յոթերորդ անգամ երկարացրեց արտակարգ դրության ռեժիմը երկրի Էկոնոմիկայում

Վենեսուելայի նախագահը յոթերորդ անգամ երկարացրեց արտակարգ դրության ռեժիմը երկրի Էկոնոմիկայում

Վենեսուելայի կառավարությունը եւս 60 օրով (մայիսի 13-ից) երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը երկրի Էկոնոմիկայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ Gaceta Oficial հրատարակությունում հրապարակված հրամանագրի տեքստում: 

Սա էկոնոմիկայում արտակարգ դրության գործողության արդեն յոթերորդ երկարացումն է 2016 թվականի հունվարից ի վեր: Այն նախագահին հնարավորություն է տալիս անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բնակչության իրավունքները պաշտպանելու եւ Վենեսուլայում ներքին կարգուկանոնն ապահովելու համար:

Նաեւ փաստաթուղթը ենթադրում է անհրաժեշտության դեպքում քաղաքացիների սահմանադրական երաշխիքների սահմանափակում:

Էկոնոմիկայում արտակարգ դրության գործողությունը երկարացվել է ապրիլի սկզբից բողոքի զանգվածային ակցիաների սկսվելու ֆոնին այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը որոշեց լրջորեն սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը: Որոշումը չեղյալ է հայտարարվել, բայց ընդդիմության կողմնակիցները փողոցներ են դուրս եկել պահանջելով դատարանի անդամների պաշտոնաթողությունը եւ վաղաժամկետ ընտրությունների անցկացում: Այժմ նրանք բողոքում են նաեւ Սահմանադիր ժողովի գումարման դեմ՝ այն համարելով սահմանադրությունը փոխելու փորձ: Բողոքի ակցիաների սկսվելուց հետո երկրում սպանվածների ընդհանուր թիվը հասել է 46-ի, տուժածների թվաքանակն անցնում է հազարից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում