Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակվողներն Էրդողանի անվտանգության աշխատակիցներն են եղել

Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակվողներն Էրդողանի անվտանգության աշխատակիցներն են եղել

Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայկական համայնքի կազմակերպած խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման հեղինակները հենց Էրդողանի անվտանգության աշխատակիցներն են եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է հեղինակավոր The Guardian-ը:

Պարբերականի հետ զրույցում ականատեսներից մեկն ասել է, թե Էրդողանի անվտանգության աշխատակիցները ծեծկռտուք են սկսել այն ժամանակ, երբ ցույցի մասնակիցներից մեկը պահել է քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) դրոշը:

Կատարվածին անդրադարձել են նաև հեղինակավոր մի շարք այլ լրատվամիջոցներ ևս: CNN-ը հայտնել է, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց իրականացված հարձակման հետևանքով տուժել է ինը մարդ:

New York Post-ը ևս գրում է, որ ցուցարարների վրա հարձակվել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Տեղադրված տեսանյութում երևում է նաև, թե ինչպես են նրանք հայհոյանքներ հնչեցնում խաղաղ ցուցարարների հասցեին: Լրատվամիջոցը հայտնում է, որ վիրավորներից երկուսը ծանր վիճակում են:

Ոստիկանական դեպարտամենտի խոսնակ Դաստին Ստերնբեքը տեղեկացրել է, որ կատարվածի առնչությամբ երկու մարդ ձերբակալվել է: Նրանցից մեկը մեղադրվում է բախման ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու մեջ:

«Նման հարձակումներ չենք ակնկալել տեսնել ԱՄՆ մայրաքաղաքում, հակառակ նրա, որ դրանք սովորական են Էրդողանի կառավարած Թուրքիայում եւ այլ բռնատիրական երկիրներում։ Թուրքիան փորձում է իր անհանդուրժողականությունը Միացյալ Նահանգներ փոխադրել»,- այս առնչությամբ հայտարարել է Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով հարձակման մի մասը տեսագրել է և տեղադրել Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում