Բունդեսթագ նախագիծ է ներկայացվել Ինջիրլիքից գերմանացի զինվորներին ետ կանչելու մասին

Բունդեսթագ նախագիծ է ներկայացվել Ինջիրլիքից գերմանացի զինվորներին ետ կանչելու մասին

Գերմանիայի Բունդեսթագի երկու ընդդիմադիր կուսակցություններ՝ Կանաչների ու Ձախերի կուսակցությունները, համատեղ առաջարկ են ներկայացրել, որով հորդորում են անմիջապես ետ քաշել գերմանացի զինվորներին Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Գերմանական բանակը խորհրդարանի բանակն է, և խորհրդարանականը պետք է ամեն պահի վերահսկի այն: Այդ պատճառով գերմանական բանակը պետք է անմիջապես ետ քաշվի Ինջիրլիքի ռազմաբազայից»,- ասվում է կուսակցությունների ներկայացրած առաջարկում:

Խնդրի առնչությամբ իր տեսակետն է հայտնել Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, ով ընդգծել է, որ Բունդեսթագի պատգամավորների այցն արգելելը «ՆԱՏՕ-ի գործընկերների շրջանակում վստահության կորուստ է համարվում»: «Դաշնային կառավարությունը շատ երկար հետևեց, թե ինչպես է նախագահ Էրդողանը մեր զինվորներին վերածել արտաքին քաղաքական գործիքի»,- ասել է նա:

Ակնկալվում է, որ ընդդիմադիր կուսակցությունների առաջարկը մայիսի 17-ին քվեարկության կդրվի Բունդեսթագում: Իշխող կոալիցիայի՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Քրիստոնեադեմոկրատական միության մի շարք պատգամավորներ ևս ցանկություն էին հայտնել ետ կանչել գերմանացի զինվորներին Ինջիրլիքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում