«Մոտ ապագայում ԼՂ հակամարտության լուծում չկա՝ Ադրբեջանի կոշտ դիրքորոշման պատճառով».Վաղարշակ Հարությունյան

«Մոտ ապագայում ԼՂ հակամարտության լուծում չկա՝ Ադրբեջանի կոշտ դիրքորոշման պատճառով».Վաղարշակ Հարությունյան

Անկախ նրանից, որ Ադրբեջանը խախտում է 23 տարի առաջ ստորագրված զինադադարի պայմանագիրը, այնուամենայնիվ այդ պայմանագիրը շատ կարևոր է: Եթե այս պայմանագիրը չլիներ, չէր լինի նաև խաղաղ բանակցային գործընթաց, ավելին՝ կլիներ լայնածավալ պատերազմ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Եթե չլիներ այս պայմանագիրը, ապա մենք չէինք ունենա խաղաղ, բանակցային գործընթաց: Պայմանագրի գործընթացը մեկ ամսում չի եղել, այլ երկար է տևել, և պատերազմի ընթացքում մի քանի անգամ փորձ է արվել հաստատել զինադադար»:
Վաղարշակ Հարությունյանի խոսքով, հենց զինադադարի պայմանագիրը ապրիլյան պատերազմում զսպեց Ադրբեջանին՝ Ստեփանակերտի և Շուշիի ուղղությամբ չօգտագործելու ավիացիա և հեռահար զենքեր:

«Սա միակ իրավական փաստաթուղթն է, որը զսպող գործիք է և բացահայտում է, թե ով է խախտում զինադադարը, ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատասխանատու չէ այն բանի համար, ինչ ստորագրել է: Այս պայմանագիրը կարևոր է, քանի որ ընդունված է միջազգային կազմակերպությունների կողմից: Այս պայմանագիրը հիմնական խնդիրը չի լուծում, բայց կանխում է լայնածավալ պատերազմը»,-ասաց նա ՊՆ նախկին նախարարը:
Անդրադառնալով Արցախի՝ բանակցային կողմ դառնալու խնդրին՝ բանախոսը նկատեց, որ ադրբեջանական կողմը չի համաձայնում այս տարբերակին, քանի որ կարծում է՝ սա ուղիղ քայլ կլինի դեպի ԼՂՀ ճանաչում:

«Մոտ ապագայում ԼՂ հակամարտության լուծում չկա՝ Ադրբեջանի կոշտ դիրքորոշման պատճառով: Մյուս կողմից, որևէ պետություն չի կարող ստիպել Հայաստանին ոչնչի դիմաց տարածքներ վերադարձնել Ադրբեջանին»,- ասաց Պաշտպանության նախկին նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում